«Հրապարակ». Համայնքների խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել
«Հրապարակ» թեթրը գրում է. «Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։
ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել և խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը դիմել են Սահմանադրական դատարան և վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։
Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, և համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: