«Հավերժ փառք Գևորգներին»
Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, Գևորգ Արշակյանի ընկեր Դավիթ Ափոյանի խոսքով, Գևորգը հայ ուսանողի, հայ զավակի օրինակելի կերպար էր, ով ընկերասեր էր, ուսման ծարավ, ինչի մասին խոսում է այն, որ մի քանի ֆակուլտետում էր սովորում, անդադար իրեն կրթությանն էր տալիս:
«Քանի որ չէինք կողմնորոշվում, թե որն է Գևորգի ֆակուլտետը, թեպետ պետք է ասեմ, որ նա փիլիսոփայությունն էր համարում ամբողջ գիտությունների հիմքը, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ընդհանուր քննարկման ժամանակ որոշեցինք գրադարանի ընթերցասրահն անվանակոչել նրա անունով, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն կրթվել ու այդքանով շարունակել Գևորգի գործը: Հավերժ փառք Գևորգներին»,- ասաց Դ. Ափոյանը:
Նա նշեց, որ ուսանողներով կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի Գևորգն ու Գևորգի նմանները միշտ օրինակ ծառայեն սերունդների դասիարակման գործում:
«Գևորգն իր կյանքով և զոհվելով կարծես մեզ սովորեցրեց գնահատել այն գաղափարական արժեքները, որոնք իրականում ավելին արժեն, քան կյանքը»,- նշեց Դ. Ափոյանը:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ պատմական օր և պատմական իրադարձության են այսօր ներկա:
Ավելի վաղ ԵՊՀ-ից հայտնել էին, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, քանի որ կան անհետ կորածներ: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը չէր բացառել, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա: Նա նշել էր, որ եղել են տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, և առաջարկել է 3 ամիս սպասել:
Գ. Ղազինյանն ասաց, որ Դ. Ափոյանի առաջարկով որոշվեց բացառություն անել Գևորգ Արշակյանի հարցում:
«Գևորգը բացառիկ երևույթ է նույնիսկ մեր 15 հազարից ավելի ուսանողերի շրջանում»,- նշեց նա:
Ըստ դասախոսի, հազվագյուտ են նման երիտասարդները, երբ և գերազանց ուսանող են, և պարկեշտ անձնավարություն, և հայրենասեր, և նվիրյալ:
Գևորգի պապիկը՝ Գևորգ Հովսեփյանը, եղել է ԵՊՀ դասախոս:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ բարոյականության գինն իմացող Գևորգ Հովսեփյանն իր թոռանը ճիտ էր մեծացրել, որ օրինակ դառնա այստեղ կանգնած երիտասարդների և այսուհետև հազարամյակներ շարունակ համալսարան մտնող յուրաքանչյուր տղայի ու աղջկա համար:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ասաց, որ Գևորգը գիտակցում էր՝ ուր է գնում և ինչի համար:
«Ինքը գնում էր հայրենիքը պաշտպանելու և մահվանն ընդառաջ:
Մենք Շուշին կամ Քարվաճառը մոռանալով՝ մոռանալու ենք Գևորգին, …: Իսկ մենք դա չենք անելու, ապրելու ենք այդ հաստատակամությամբ և այդ նպատակներով, որոնց համար իրենց կյանքը զոհաբերեցին այն տղաները, որոնք վայրկյան անգամ չկասկածեցին հայրենիքի պաշտպանության գործում: Իսկ նոր սերունդներն նրանց շիրիմներին երդվելով՝ պետք է գնան մեր հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Վ. Վարագյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
- ԵՊՀ-ականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան