«Ժողովուրդ». «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ, չնյած նրան, որ գնորդ է հայտնվել, որի անունը չեն ասում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ. պահանջարկ ունեցող գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը գնորդ չունի: Այն, ի դեպ, առայժմ աճուրդի չի հանվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին հյուրանոցում տեղավորվել են Արցախից եկած մոտ 180 քաղաքացի: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով՝ այս պահին բանակցում են մի ընկերության հետ հյուրանոցի վաճառքի շուրջ. «Փորձենք հասկանալ՝ արդյոք հնարավոր է իրենց կողմից այդ գնումը, թե ոչ: Իրենք պետք է Հայաստան գան հաջորդ ամսվա ընթացքում՝ փետրվարի կեսերին. եթե հասկանանք, որ դա իրատեսական չէ, այդ դեպքում արդեն այլ որոշում կկայացվի: Մասնավորապես, կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել և աշխատեցնել առայժմ, մինչև հետագայում ցույց կտա ժամանակը:
Աշխատեցնել, վարձով կամ հավատարմագրային կառավարման տալ, ՓԲԸ ստեղծելուց հետո այդ բոլոր տարբերակները չեն սահմանափվում և չեն բացառվում»: Նարեկ Բաբայանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ընկերությունն է հետաքրքրված հայկական հինգաստղանի հյուրանոցով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Անկեղծ ասած, ընկերության անունը, որպես այդպեսին, չեմ կարող ասել. ինձ թվում է՝ խառը, տարբեր երկրներից կոնսորցիում է: Ես սպասում եմ, որ իրենք Հայաստան գան, և քննարկենք»,- փոխանցեց Բաբայանը:
Հավելենք, որ գույքի գնահատված արժեքը նախորդ աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Ստացվում է, որ մասնավորից վերցված գերթանկարժեք հյուրանոցը մինչ օրս չի աշխատել. սկզբում փակ էր, հետո ծառայում էր կորոնավարակակիրների մեկուսացման վայր, հիմա էլ՝ արցախցիների օթևան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: