«Ժողովուրդ». Արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն շռայլ ծախսեր են կատարվում. Ավելանալու է դատավորների թվակազմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի երեքին Ազգային ժողովում գումարվելու է արտահերթ նիստ, օրակարգում երկու հարց է՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը և ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Դատական օրենսգրքի փաթեթն ամենաշատ քննարկվածներից մեկն է և նաև հասցրել է ենթարկվել քննադատության: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ նախագիծը: Նախատեսվում է ավելացնել ինչպես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչև քսանմեկ դատավորով է ավելանալու դատավորների թիվը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով: Այսինքն՝ այս նախագծերի փաթեթների ընդունման պարագայում 24 դատավորի հաստիք է ավելանալու, որն էլ իր հերթին նոր ծախսերի է հանգեցնելու:
Բանն այն է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ, իսկ Վերաքննիչ դատարանում աշխատավարձերն համեմատաբար ավելի բարձր են. այս դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 92 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Հիշեցնենք՝ 8 մլրդ դրամ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար էր նախատեսվել: Ստացվում է՝ արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն այլ շռայլ ծախսեր են կատարվում:
Թե որքանով են այս ծախսերն արդարացված, դժվար է ասել հետպատերազմական Հայաստանում, որտեղ ունենք հազարավոր անօթևաններ, զոհվածների անպաշտպան ընտանիքներ, վիրավոր, հաշմված զինվորներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։