Գարեգին Երկրորդ. Երկիրն երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել
«Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել: Երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում եկեղեցին ակտիվորեն խառնվում է քաղաքականությանը, Ձեզ քննադատում են, ասում են, թե ինչո՞ւ նախկինում չէր արվում, երբ երկիրը բազմաթիվ խնդիրներ ուներ, ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը:
Վեհափառի խոսքով, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրիդ համար. «Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր ու իր խոսքն ասեր: Իր խոսքը զգաստացնող, իր խոսքը պատգամի կերպով բերող»:
Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Երկրորդը նախ ասաց, որ չէր ցանկանում այս նվիրական սրբավայրում որևէ քաղաքական հարցերի անդրադառնալ, բայց քանի որ հարցը հնչել է, ասում է՝ իրենց համոզումներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա:
«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցությանը: Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է, կառույց է»,- ասաց Վեհափառը:
Գարեգին Երկրորդը նշեց, որ իրենք որևէ կերպով հորդոր և կոչ չեն ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, իրենք հորդոր են ուղղել ՀՀ վարչապետին, իրենց հիմնավորումները ներգրաված են, առկա են իրենց խոսքի տեքստում:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, վերջին ժամանակաշրջանում նման միջոցառումներին առանձին-առանձին եք ներկայանում, Գարեգին Երկրորդը նախ հարց տվեց՝ այսօր եղե՞լ են: Դրական պատասախանից հետո ասաց. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց, կարծում եմ, ներկա կացության մեջ, ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»:
Գարեգին Երկրորդը նշեց, որ եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է այն ժամանակներում, երբ չեն ունեցել պետականություն. «Այսօր ունենք հայոց պետականություն, եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»:
Հարցին՝ մենք պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, Վեհափառը պատասխանեց. «Աստված մի արասցե: Ռիսկեր միշտ էլ կան: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր ջանադիր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:
Գարեգին Երկրորդի խոսքով, եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, ինչպիսի իրավիճակներում իր ձայնը հնչեցնի:
«Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ, խոսք հնչեցնել»,- ասաց Գարեգին Երկրորդը:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում
- Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը. Գարեգին Երկրորդ
- Գարեգին Երկրորդ. Հանդիպում ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ, հորդորեցինք վայր դնել վարչապետի լիազորությունները
- Գարեգին Երկրորդ. Կոչ ենք ուղղում ՀՀ և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին