«Այբ»-ը դպրոցական մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ հետ
«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։
Հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 29-ին ՀԲԸՄ դահլիճում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նոր մակարդակի են հասցվում կրթության ոլորտում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համատեղ նպատակներն ու ձգտումը:
«Թել-Սել» ընկերությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը կհամագործակցեն «Այբ»-ի «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակում՝ հաշվի առելով և՛ մրցույթների հաջողված փորձը, և՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը:
Ըստ աղբյուրի, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող զանգվածային դպրոցական մրցույթները միավորում են ավելի քան 250 000 երեխաների, ծնողների և ուսուցիչների՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքից: Մրցույթները երեխաներին օգնում են ստուգելու սեփական գիտելիքն ու տրամաբանությունը և ձգտելու ավելիին:
Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ «Այբ»-ը որոշեց այդ մրցույթներն անցկացնել առցանց՝ այդպիսով ապահովելով բոլոր երեխաների հավասար մասնակցության հնարավորությունը և հանրակրթության ոլորտում առցանց հարթակների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը: