Հայաստանի տնտեսական զարգացման համար մի քանի տարբերակներ կան. Աշոտ Թավադյան
Հայաստանի համար տնտեսական զարգացման մի քանի տարբերակներ կան և Եվրասիական տնտեսական միությունը կարող է էական դեր խաղալ դրանց իրականացման հարցում: «Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ-համաժողովի ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։
Նրա խոսքով, Ղազախստանի հայտարարած ԵԱՏՄ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը դժվար կլինի, եթե չհամաձայնեցվեն դրամավարկային և էներգակիրների սակագների քաղաքականությունը:
Աշոտ Թավադյանը հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-ն ինչ-որ քայլեր կձեռնարկի, որպեսզի հետպատերազմյան Հայաստանի տնտեսության վիճակը հավասարեցվի կազմակերպության անդամ մյուս պետությունների տնտեսություններին:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ առկա հաղորդակցության ուղիների խնդրին՝ տնտեսագիտության դոկտորը նկատեց, որ կասկածամտորեն է դրան վերաբերվում, քանի որ հակառակ կողմի վարքը որևէ լավատեսություն չի ներշնչում:
Նա շեշտեց, որ հայ փախստականները դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը, իսկ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը փակ է:
Աշոտ Թավադյանը նաև առաջարկեց դրամավարկային քաղաքականության, էներգակիրների միասնական սակագնի խնդիրների լուծման հետ միասին Հայաստանի համար կիրառել նաև երրորդ գործիքը և մշակել Մարշալի միկրոպլանը: