«Ադրբեջանը ռազմագերուն սպանել էր այն դեպքում, երբ ԵԴ-ն արդեն որոշում էր կայացրել այդ անձի վերաբերյալ»
«ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների ելույթները բավականին հավասարակաշռված էին, եթե համեմատենք իրենց նախկին ելույթների հետ: Նրանք ասելիք չունեին, չէին կարող ասել, որ լավ են անում, որ ռազմագերիներին պահում են»,- «Հետպատերազմյան Հայաստան․ քաղաքական ու անվտանգային ճգնաժամ՝ ելքեր և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա ներկայացմամբ, ինքը զբաղվել է ԵԽԽՎ պատգամավորներին իրավիճակի մասին իրազեկելով, քանի որ հասկացել է, որ այնտեղ լիարժեք չեն պատկերացնում իրավիճակը, մտածում են, որ հրադադարի հետ միասին բոլոր հարցերը լուծվել են:
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ միայն ռուսական կողմի ջանքերով են 5 ռազմագերիներին հաջողվել վերադարձնել, Մարուքյանը հայտնեց՝ իր մոտ այնպիսի կարծիք կա, որ ամեն ինչ ուզում են անել, որ ավելի նվաստացնեն Հայաստանի վիճակը։ Նա նշեց, որ գերիների վերադարաձի հարցում նաև ՀՀ ԱԱԾ-ն է մեծ ջանք գործադրել և հիշեցրեց երեք երկրների ԱԱԾ ղեկավարների հանդիպումների ֆորմատը:
«Եվրոպական դատարանի միջանկյալ միջոց էր կիրառվել կոնկրետ ռազմագերու վերաբերյալ, հետո դիակը ստացել ենք՝ տեսել ենք ռազմագերիների ցանկի մեջ է եղել: Այսինքն՝ Ադրբեջանը ռազմագերուն սպանել է այն դեպքում, երբ Եվրոպական դատարանն արդեն որոշում է կայացրել այդ անձի վերաբերյալ»,- ամփոփելով ռազմագերիների թեման՝ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ պատգամավորը նկատեց, որ եթե նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածի հետ համեմատություն անցկացնեն, ապա կարող են ասել, որ այս պահին քաղաքական իշխանությունը մի քանի անգամ ավելի կոնսոլիդացված է դարձել։ Դա ցույց է տվել փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, երբ կարողացան 86 ձայն հավաքել և Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ ընտրել:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իր ղեկավարած խմբակցությանն իշխանություններն առաջարկել են՝ հուշագիր ստորագրեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրվի վարչապետի թեկնածու և կգնան արտահերթ ընտրությունների:
«Մենք էլ ասել ենք՝ նման օրակարգ չունենք, որ մեր օրակարգում հրաժարականն է և անցումային վարչապետի ընտրության հարցը»,- հայտարարեց Մարուքյանը:
Նա հավաստիացրեց, որ խորհրդարանական մեծամասնությունը գնում է նոր ճանապարհով՝ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի ներդրմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նկատելով, որ սահմանադրական փոփոխությունների համար «Իմ քայլը» չունի անհրաժեշտ ձայները՝ Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ մնում է վարչապետի հրաժարականի տարբերակը, բայց չի պատկերացնում ընտրարշավ, երբ կան անհայտ կորածներ և ռազմագերիներ:
Մարուքյանը նաև հայտնեց, որ պատերազմից հետո ապազգային տարրեր փնտրելու կոչերը տանելու են քաղաքացիական պատերազմի և այդ պատճառով երդում է տվել, որ ամեն ինչ անելու է քաղաքացիական համերաշխության համար: