«ԵՊՀ-ում զեղչից օգտվել ցանկացողները չափազանց շատ են, բավական կոշտ դիրքորոշում պետք է ունենալ»
2020 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Երևանի պետական համալսարանում սովորում է 14 հազար 274 ուսանող, որից 1131-ը՝ Իջևանի մասնաճյուղում: Վճարովի համակարգում սովորում է 11 հազար 700 ուսանող, պետական ֆինանսավորմամբ՝ 2574 ուսանող: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2021 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման հարցի ներկայացման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց, որ պետական ֆինանսավորումն ավելացել է շուրջ 24 տոկոսով, որը կազմում է ամբողջի 33,7 տոկոսը: Հստակեցրեց, որ 24 տոկոս ֆինանսավորումը ոչ միայն կրթական ծրագրերի մասով է, նաև գիտական:
Գ. Գևորգյանի ներկայացմամբ, ուսման վարձավճարներից ԵՊՀ եկամուտները կազմում են մոտ 53,5 տոկոս: ԵՊՀ-ում նվազագույն ուսման վարձը 2020 թ. սեպտեմբերից կազմում է 500 հազար դրամ բակալավրիատի 28 մասնագիտությունների համար, ընդհանուր 54 մասնագիտությունից: Առավելագույնը 1 միլիոն դրամ է մեկ մասնագիտության գծով, մնացածները տատանվում են 580-780 հազար դրամի սահմաններում:
«Ուսման վարձերի մուտքերը հաշվելիս՝ հաշվի է առնվել 400 միլիոն դրամի չափով զեղչ: 400 միլիոն դրամը պահպանելը բավական մեծ ջանքեր է պահանջում կապված ներկա վիճակի հետ: Զեղչից օգտվել ցանկացողները չափազանց շատ են, բավական կոշտ դիրքորոշում պետք է ունենալ, որպեսզի այդ 400 միլիոնը գոնե քիչ անցնենք»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվեց
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց երկու թեկնածու
- ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն