Մարուքյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել արցախյան վերջին պատերազմն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով
Այսօր Գյումրիում «Հետպատերազմյան Հայաստան․ քաղաքական ու անվտանգային ճգնաժամ՝ ելքեր և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ԱԺ-ում ստեղծել արցախյան վերջին պատերազմն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով և քննարկումները տեղափոխել խորհրդարան, որպեսզի ամեն մեկը հարցազրույց չտա և իրարամերժ հայտարարություններ չանի:
Նրա խոսքով՝ մեր զինվորնեը դիմակայել են դժվարին պատերազմում և ինչպես նախորդ օրը համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրեն ուսանողներն են առաջարկել, պետք է ֆիլմեր նկարահանվեն մեր հերոս զինվորների մասին:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու միջոցով խորհրդարանը լուծարելու հնարավորության մասին հարցին՝ Մարուքյանը հայտարարեց, որ այն լուծման չի բերի, քանի որ ցուցակների հաջորդ թեկնածուները կվերցնեն մանդատները և այն անընդհատ գործընթացի կվերածվի:
Ըստ Մարուքյանի՝ ԱԺ աշխատանքների բոյկոտելն էլ ճիշտ չէ, քանի որ այն ուժեղացնում է իշխանությանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ներկայում Հայաստանը կանգնած է սոցիալական, հումանիտար, տնտեսական ճգնաժամի առաջ և դրանք մեր փոխարեն ուրիշները չեն լուծելու, իսկ լուծումները բարդ չեն և դրանց կարելի է հասնել երկխոսության միջոցով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իր կուսակցությունը շրջելու է գյուղերում և քաղաքներում, լսելու է քաղաքացիներին և նրանց հետ քննարկելու է հնարավոր լուծումները, իսկ տեսլականների մասին կխոսեն առաջիկա ընտրությունների ժամանակ:
Մարուքյանը մտավախություն հայտնեց, որ ընտրությունների ժամանակ տեսլականների պայքար չի լինի, այլ լինելու է հայհոյանք և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ժողովրդին ասելու են, որ եկել են իրենց փրկեն: