Տնտեսագետն առաջարկում է ՌԴ-ի հետ զարգացնել հարաբերությունները նաև ռազմարդյունաբերության ոլորտում
«Կարևոր է համատեղ արտադրություններ ստեղծելու գաղափարը՝ երրորդ երկրներ դուրս գալու համար, ուստի կարծում եմ, որ այդ նպատակը պետք է դառնա մեր զարգացման մարտավարությունը»,- «Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ-համաժողովի ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի զարգացման հարցին:
Նա հայտարարեց, որ պակաս նշանակություն չունեն նաև ռուս-հայկական առևտրատնտեսական երկկողմ գործընկերությունը:
Ըստ Մանասերյանի՝ Հայաստանը շահել է ԵԱՏՄ-ին անդամակցելուց, բայց Միության մեջ փոխգործակցության հիմնական մոդելը դեռ կարելի է համարել երկկողմ հարաբերությունները, քանի որ բազմակողմ կապերը քիչ են տեսանելի:
Նա առաջարկեց նաև զարգացնել ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը՝ չառնչվելով հատուկ գաղտնիություն պահանջող ճյուղերին:
Մանասերյանի խոսքով՝ Հայաստանը կարող է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր ներուժը ներդնել ռազմարդյունաբերության համատեղ համալիրի զարգացման գործում:
«Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ միայն խաղաղապահներն են Արցախում անվտանգությունը ապահովում, այլ նաև ռազմաբազաները մոտ ապագայում նույնպես կապահովեն անվտանգությունը և խաղաղությունը, որը կնպաստի նաև համագործակցությանը»,- հայտարարեց Մանասերյանը:
Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցության հարցին՝ նա կարևորեց ՌԴ-ի օգնությամբ ոչ միայն ազատ հաղորդակցությունը, այլ նաև արդար մոտեցումների ապահովումը, քանի որ, իր դիտարկմամբ, առայժմ հաշվի են առնվում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, որը նպաստում է միայն նրանց տնտեսության զարգացմանը:
Հիշատակելով Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի փակ լինելը՝ Մանասերյանը հայտնեց, որ, եթե ներքին հաղորդակցությունները չբացվեն, ապա այդ համաձայնությունները ֆորմալ բնույթ կկրեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տնտեսական զարգացման համար մի քանի տարբերակներ կան. Աշոտ Թավադյան
- Արման Ղուկասյան. Հասարակությունն այս տարի կզգա, թե ինչ խոր ճգնաժամի մեջ է Հայաստանը