Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուտցենը
87 տարեկան հասակում մահացել է հոլանդացի քիմիկ, Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուտցենը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների կենտրոնը, որի քիմիայի ինստիտուտում աշխատում էր գիտնականը:
«Մենք շատ վշտացած ենք կլիմայի փոփոխության հետազոտության առաջամարտիկի և 1995 թ.-ին Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուտցենի մահվան կապակցությամբ», - ասված է կազմակերպության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
Կրուտցենցն ուսումնասիրել է մթնոլորտում օզոնային անցքերը: Նա պարզել է, որ ազոտի օքսիդները ոչնչացնում են ստրատոսֆերային օզոնի շերտը, որը երկիրը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 1995-ին, այս հայտնագործության համար նա` Մարիո Մոլինայի (1943-2020) և Ռոուլանդ Շերվուդի (1927-2012) հետ միասին, ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում:
1999-ին Կրուտցենը ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: