«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Հայաստանի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2020 թվականի հուլիսի 6-ին սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Սակայն Եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից, սակայն փաստացի դա տեղի չէր ունեցել:
Իսկ արդեն հիմնական գանգատը նախկին դատավորները ներկայացրել էին օգոստոսին: Սակայն հետաքրքիր է, որ մինչև այժմ, այսինքն՝ դիմումից հինգ ամիս անց էլ ՄԻԵԴ-ից որևէ արձագանք առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ իրենց դիմումից որևէ արձագանք առկա չէ՝ նկատելով, որ Եվրոպական դատարանում դիմումների քննարկման գործընթացի ժամկետն անկանխատեսելի է և կարող է երկար տևել:
Դրան զուգահեռ նկատենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Եվ բանաձևում հետաքրքիր ձևակերպումներ էին առկա, օրինակ՝ 9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների և չլուծված խնդիրների վերաբերյալ։
Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։ Խոսքը հենց այս փոփոխության մասին է, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային անդամ, իսկ Նազարյանի, Գյուլումյանի և Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայհմանավորված երբ հանրաքվեն չեղարկվեց, իշխանությունը ստիպված դիմեց այլ քայլի, և հարցը որոշեցին լուծել խորհրդարանում, որի օրինականությունը նաև վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Եվ ստացվում է՝ անգամ հաշվի չէր առնվել վեհաժողովի կարծիքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում