ՔԿ-ից հաստատեցին. Ջալալ Հարությունյանը տուժող է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Panorama.am-ին այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
Ավելի վաղ թելեգրամի Mediaport ալիքը գրել էր, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Նշենք, որ Քր. Օր.-ի 34 հոդվածը վերաբերում է հանցափորձին։
104 հոդվածի (Սպանություն) 2 մասի վերոնշյալ կետերը սահմանում են.
«2. Սպանությունը`
1) երկու կամ ավելի անձանց
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով
13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է.
«Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Mediaport. Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Mediaport-ը սկանդալային տեղեկություններ է հրապարակել՝ Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունին նախորդած դեպքերի մասին