ԱՄՆ-ը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել զորքերն անհապաղ դուրս բերել Լիբիայից
ԱՄՆ-ը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել անհապաղ սկսել զորքերի դուրսբերումը Լիբիայից: Ինչպես ասել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը, Մոսկվայի և Անկարայի ուժերը պետք է լքեն Լիբիայի տարածքը՝ անցյալ տարվա հոկտեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին համապատասխան: Տեղեկատվությունը հրապարակում է «Գազետա ռու»-ն:
«Մենք նաև կոչ ենք անում Թուրքիային և Ռուսաստանին անհապաղ սկսել հետ կանչել վարձկաններին և ռազմական միջնորդներին, որոնց իրենք վարձել, ֆինանսավորել, աջակցել և տեղակայել են Լիբիայում»,-ասել է Միլսը:
Լիբիայի տարածքում չկան ռուսական ուժեր, ինչպես բազմիցս հայտարարել է Մոսկվան: Թուրք զինվորականները հանրապետությունում ներկա են Անկարայի և ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (GNA) հետ կնքած համաձայնագրին համապատասխան:
«Ekathimerini» պարբերականը գրում է, որ Միլսի արտահայտած ԱՄՆ պահանջը վերաբերում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններին: ԱՄՆ ներկայացուցիչն առանձին նշել է, որ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է մնում Լիբիայում պատերազմող կողմերի ռազմական աջակցության դադարեցման պահանջներին:
Միևնույն ժամանակ, Միլսը շեշտել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից պահանջում է ճանաչել Լիբիայի ինքնիշխանությունը՝ երկրում կառավարման միասնական համակարգի ձևավորման, ընտրությունների անցկացման և ռազմական գործողությունների ամբողջական ավարտին զուգընթաց: