Տիգրան Ուրիխանյան. Եթե ժողովուրդը որոշի, որ լինելու են ընտրություններ, մենք կունենանք վարչապետի սեփական թեկնածու
«Իհարկե, եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, մենք չունենայինք հիասթափություն, հուսալքություն, որն առաջացել էր 800 հազար աղքատների բանակի դժգոհությունից, գործազրկությունից, անհավասարությունից, բնականաբար չէին լինի 2018-ի թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը»,-հայտարարեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ քիչ առաջ մեկնարկած համաժողովում անդրադառնալով այն դիսկուրսին, թե ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար՝ նախկիննե՞րը, թե՞ նորերը։
Նա նկատեց, մեղմ ասած, տարիներ շարունակ իրականացվել է անարդյունավետ, վատ, չարդարացված կառավարում, բայց անկախ դրանից, գործող իշխանությունները ունեցել են գրեթե երեք տարի նախ և առաջ պատասխանատվության ենթարկելու ու պատժելու բոլոր մեղավորներին։
Գործող իշխանությունները, ըստ բանախոսի, հնարավորություն ունեին իրավիճակը շտկել, մարդկանց մոտ արդարություն առաջացնել, 800 հազար աղքատների թիվը կրճատել, խոստումները կատարել, հենց որոնց համար ժողովուրդը նրան քվե էր տվել։
«Այս ամենի, նաև այդ խայտառակ պարտության, որի համար մեղադրում են ժողովրդին, բանակին, կամավորներին, սփյուռքին... պատասխանատուն միանաշանակ իշխանություններն են, վարչապետն է։ Եվ այդ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հնչել է, պետք է դրսևորվի հրաժարականով»,- ասաց Ուրիխանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր ճանապարհով պետք է լինի նրա հրաժարականը, Ուրիխանյանն ասաց, դա պետք է որոշի ժողովուրդը, կամ պետք է դուրս գա փողոց ու հասնի իշխանափոխության, եթե դա տեղի չի ունենում, ապա պետք է լինի ընտրությունների միջոցով։
«Մենք այդ հարցը ուղղելու ենք ժողովրդին։ Շատ մոտ ապագայում հրավիրելու ենք հանրահավաք, որի ընթացքում կհնչի հարց։ Դրա պատասխանից է կախված նաև մեր հետագա քայլերը»,-հայտարարեց Ուրիխանյանը։
Նրա խոսքով, եթե ժողովուրդը որոշեց, այո, պետք է լինեն ընտրություններ, իրենք չեն սպասելու, որ իշխանությունը որոշի, թե երբ պետք է դրանք կայանան, սկսի կրել պատասխանատվություն, թե ոչ։
«Մենք ինքներս, պետք է այդ պրոցեսը գեներացնենք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ ընտրությունների դեպքում «Ալյանս»-ը մասնակցելու է ընտրություններին սեփական կազմով, սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով։
Համաժողովին ուղիղ եթերով կարող եք հետևել Aysor.am-ի հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում