Ֆրանսիան փակում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ իր սահմանները
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ համաճարակաբանական իրավիճակի պատճառով ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից արգելվում է մուտքը Ֆրանսիա: Արգելվում է նաև Ֆրանսիայից ելքը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
«Բացի պարետային ժամի միջոցառումներից, որոնք իրական, բայց անբավարար ազդեցություն ունեցան, մենք որոշեցինք անհապաղ ներմուծել հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝ Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից Ֆրանսիայի տարածք ցանկացած մուտքը և ելքը կարգելվի՝ բացառությամբ շատ ծանրակշիռ պատճառների»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը:
Նա խոսել է Պաշտպանության խորհրդի նիստից հետո, որը քննարկել է երկրում համաճարակային ճգնաժամի իրավիճակը: Նրա ասուլիսը հեռարձակվել է հեռուստաալիքներով:
Ժան Կաստեքսը հայտարարել է, որ արգելքը ուժի մեջ կմտնի կիրակի 00:00-ից:
«ԵՄ երկրից ցանկացած մուտք Ֆրանսիա ենթակա է PCR թեստի ներկայացման, բացառությամբ անդրսահմանային աշխատողների»,- հավելել է վարչապետը:
Նա բացատրել է, որ չնայած Ֆրանսիայում իրավիճակն ավելի լավ է թվում, քան հարևան մի շարք երկրներում, այնուամենայնիվ, այն տագնապալի է:
«Մոտ 27 հազար մեր հայրենակիցներ հոսպիտալացվել են COVID-19-ի պատճառով: Ավելի քան 3 հազար մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ... Վիրուսի անգլիական և հարավաֆրիկյան տեսակների տարածումը սպառնում է համաճարակի ուժեղացմամբ»,- հայտարարել է վարչապետը:
«Արդարացիորեն դրված է խիստ մեկուսացման ռեժիմի հարցը, բայց մենք գիտենք դրա ծանր հետևանքները ֆրանսիացիների համար՝ բոլոր տեսանկյուններից: Մենք դեռ կարող ենք ինքներս մեզ հնարավորություն տալ խուսափել դրանից»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Միաժամանակ, նա նախազգուշացրել է, որ առաջիկա օրերը որոշիչ կլինեն հնարավոր լրացուցիչ միջոցառումների ընդունման առումով:
Կաստեքսը հայտարարել է, որ ավելի քան 20 հազար քառակուսի մետր մակերեսով ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոնները. որպես սանիտարական պայմանների առումով մարդկանց վտանգավոր ծանրաբեռնվածության վայր, փակ կլինեն կիրակի օրվանից:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ կարևոր է պահպանել արդեն գոյություն ունեցող կանխարգելիչ միջոցները` անձնական հիգիենայի, սոցիալական հեռավորության և դիմակներ կրելու կանոնները: