«Ժողովուրդ». Իշխող թիմում մտածում են՝ իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որևէ ձևով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:
Ըստ մեր տեղեկությունների՝ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը, իմքայլականների կարծիքով, անիրագործելի է, և կարծիք են արտահայտել, թե իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում:
Եվ հենց այդ պատճառով էլ իշխող թիմում անգամ չեն էլ ցանկանում այն քննարկել առաջիկայում: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Վահագն Հովակիմյանը այնպիսի մտքեր, առաջարկներ է ներկայացնում, որ պատգամավորների համար շատ դեպքերում ծիծաղելի են թվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Վահագն Հովակիմյանից պարզել՝ արդյոք իրական է այն տեղեկությունը, որ խմբակցությունում իր առաջարկած նախագիծը հավանության չի արժանացել: «Դեռևս այդ նախագիծն այդպես չի քննարկվել, այսինքն՝ քննարկման փուլում է, ու չեմ էլ բացառում, որ հավանության չի արժանանա, բայց այս պահին այդպիսի որոշում չունենք:
Ո՛չ բացասական, ո՛չ դրական որոշում չկա, իմ ակնկալիքն է, որ հավանության արժանանա, բայց ես չեմ բացառում, որ հավանության չի արժանանա»,-գալուստսահակյանական ոճով հայտարարեց Վահագն Հովակիմյանը:
Մեր դիտարկմանը, թե երբ են պատրաստվում իր առաջարկությունները քննարկել խմբակցությունում, ասաց. «Չգիտեմ, երևի առաջիկայում: Ես մտադիր չէի այդպես արագացնել դրա քննարկումը, ուղղակի հարցը եկավ մամուլի դաշտ, սկսվեց քննարկվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում