Կիրթ հասարակությունը պաշտպանված է. Դասախոս
«Այս պատերազմը մի բան փաստեց, որ մենք թևակոխել ենք գիտության և տեխնոլոգիաների բավականին ագրեսիվ դար»,- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Հայ-ռուսական համալսարանի ինժեներական ֆիզիկական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:
Ըստ նրա, եթե չլինի ճկուն, գիտատար, բավականին լավ զարգացող ոչ մեծ մասշտաբների, բայց զգալի ներդրում ունեցող տեխնոլոգիական տնտեսություն, պրոբլեմներ կունենան նախ և առաջ ռազմի դաշտում:
«Խիստ անհրաժեշտ է այսօր արդեն վերլուծել, թե ինչպիսի ապագա պատերազմներ են մեզ սպասվում: Ցավոք սրտի, այդ վերլուծությունը բավարար կերպով չի արվել նույնիսկ 2016 թվականից հետո»,- նշեց Հ. Սարգսյանը:
Նա պատմեց, որ տաս օր եղել է ռազմաճակատում, տեսել է, թե ինչպես է հայկական կողմը տուժել հատկապես օդային հարվածների հետևանքով:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ ամենը պետք էր կանխատեսել: Պետք է ստեղծել վերլուծական կենտրոն, որը զբաղվի նման հարցերով: Պետք է ստեղծել ընդհանուր պլատֆորմ, որի հիման վրա ռազմական գերատեսչության, գիտության ներկայացուցիչները, ճարտարագետները, արտադրողներն ունենան ընդհանուր հպման կետ, շփվեն, առաջարկներ անեն, եզրակացությունների գան, թե արդյոք այդ ամենը հնարավոր է իրագործել Հայաստանում»,- ասաց դասախոսը:
Հ. Սարգսյանը նշեց, որ չպետք է մտածել «Բայրաքթարի» մասին, այլ մեկ քայլ առաջ նայել:
Ըստ նրա, տեխնիկական, ֆիզիկա- մաթեմատիկական ուղղվածությամբ բուհերում պետք է վերականգնել ռազմական ամբիոնները:
«Դպրոցը, իրոք, սարսափելի պրոբլեմատիկ տիրույթ է դարձել Հայաստանի համար: Ֆիզիկան դպրոցում տապալված է, ուղղակի տապալված է»,- ասաց նա:
Հ. Սարգսյանի կարծիքով, պետք է վերապատրաստել ուսուցիչներին, անցկացնել սեմինարներ, գործնական քննարկումներ:
«Որևէ տեխնոլոգիական հեղափոխության կամ առաջընթացի մասին չի կարելի խոսել՝ ունենալով այսպիսի թույլ դպրոց, այսպիսի բնագիտական աղետ:
Մի բան հստակ է՝ կիրթ հասարակությունը պաշտպանված է»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա.Անդրանիկ Քոչարյան
- Հարգելի պարոն Իշխանյան, խոսում էիք կենացներից. Մխիթար Հայրապետյանը՝ գիտնականին
- Մեկ «Բայրաքթար»-ի համար ծախսվում է այնքան, ինչքան մեր գիտությանը հատկացվել է 10 տարում. Ռադիկ Մարտիրոսյան
- Մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ. Մխիթար Հայրապետյան
- Մենք պետք է երազենք, բայց հրաշքների չսպասենք. ԲՏԱ նախարար
- Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար