Ավստրիայի կառավարությունում լարվածությունն աճում է՝ կապված երեք երիտասարդ աղջիկների Հայաստան ու Վրաստան արտաքսելու հետ
Ավստրիայում լարվածությունն աճում է՝ Վրաստան և Հայաստան երեք աղջիկների, այդ թվում՝ երկրում ծնված 12-ամյա աղջկա արտաքսման հետ կապված: Այս մասին գրում է Euronews-ը։
Կառավարությունը քննադատվում է այս երեխաներին, ովքեր համարվում են «լավ ինտեգրված» ավստրիական հասարակության մեջ, արտաքսելու համար՝ հատկապես կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում:
12-ամյա Թինայի (ծնվել է Ավստրիայում և ընդհանուր առմամբ ապրել է այնտեղ 10 տարի) ընտանիքի ապաստանի հայցերը 7 տարվա գործընթացից հետո վերջնականապես մերժվել են 2019-ի դեկտեմբերին:
Թինայի և նրա ընտանիքի դեպքում իշխանությունները որոշել են, որ գերակշռում է պետության շահը`իր օրենքների նկատմամբ հարգանք ապահովելու հարցում, մարդու անձնական և ընտանեկան կյանքի իրավունքից:
Հինգշաբթի վաղ առավոտյան, արտաքսումից առաջ, բողոքի ցույցեր են տեղի ունեցել տեղահանման կենտրոնում՝ արտաքսվողների ընկերների, դասընկերների և իրավապաշտպանների կողմից։
«Նույնիսկ եթե նա փաստաթղթերով ավստրիացի չէ, նա մեր հասարակության կատարյալ ինտեգրված անդամ է՝ շատ ընկերներով, լավ ուսանող, ընտանիքով և իր կյանքով՝ Ավստրիայում: Այդ պատճառով մեզ ցավ է պատճառում, որ նրան արտաքսում են մի երկիր, որի հետ ինքը ոչ մի կապ չունի», - ասել է բողոքի ցույցի մասնակից մի տղա:
«Մենք այստեղ ենք Սոնայի [մյուս աղջկա] համար պայքարելու համար, քանի որ դա արդար չէ», - ասել է բողոքի ցույցի մասնակից մեկ այլ աղջիկ:
Ավստրիայում Կանաչները, որոնք ներկայումս գտնվում են պահպանողական ÖVP կուսակցության հետ կառավարող կոալիցիայում, սուր քննադատության են ենթարկել արտաքսումը:
Ավստրիայի սոցիալական հարցերի նախարար Ռուդոլֆ Անսխոբերն ասել է, որ «ճիշտ կլիներ, եթե մարդկային լուծում փնտրեինք»։
Արտաքսման կողմնակիցները, ներառյալ ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը, պնդում է, որ դատարանի մի քանի որոշումներ հաստատում են, որ ընտանիքը օրինական իրավունք չունի մնալ Ավստրիայում:
Արտաքսման այս խնդիրն Ավստրիայում գրավել է ազգային ուշադրությունն այն բանից հետո, երբ Թինայի դասընկերները սկսել են առցանց ստորագրահավաք, որին միացել է ավելի քան 34,000 ստորագրություն:
Ըստ ՆԳՆ-ի, Թինայի ընտանիքը չորս տարի անօրինական էր եղել երկրում: Այնուամենայնիվ, աղջիկների փաստաբանները հայտնում են, որ Ավստրիան իրավաբանորեն պարտավոր չէ արտաքսել մարդկանց՝ առանց կացության թույլտվության: