Օդանավակայանում լարված իրավիճակ է, շատ ուղևորներ չեն կարողանում մեկնել ՌԴ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ռուսաստան մեկնելու համար տոմս գնած քաղաքացիներից շատերն այսօր չեն կարողանա հեռանալ երկրից, քանի որ կորոնավիրուսի թեստ հանձնել են այն լաբորատորիաներում, որոնք մատնանշված չեն ավիաընկերության կողմից։ Սա առաջացրել է քաղաքացիների զայրույթը։
Օդանավակայան ժամանած «Արմենիա» ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանեց, պատահածն ընկերության մեղքով չէ։ Բայց քանի որ դեպի ՌԴ թռիչքների առաջին օրն է ու խնդրին մեծ թվով քաղաքացիներ են բախվել, ընկերությունն անվճար կփոխի տոմսերը, որպեսզի նրանք ֆինանսական որևէ կորուստ չունենան։
Գևորգ Խաչատրյանն ասաց, որ այսօր «Արմենիա» ավիաընկերության միջոցով 260 ուղևոր է արդեն թռել, նրանց 7-8 տոկոսն է նման խնդրի բախվել, իրազեկված չի եղել։ Ավիաընկերության փոխտնօրեն ասաց, միայն այս անգամ բացառությամբ տոմսերը փոխվելու են անվճար, մարդկանց տոմսեր կտրամադրվեն ազատ օրերի համար։
Օդանավակայանում իրավիճակին կարող եք հետևել News.am-ի հեռարձակմամբ։