Արծրուն Հովհաննիսյան, դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան
«Այն, ինչ այսօր կատարվում էր «Զվարթնոց» օդանավակայանում, արմագեդոն էր: Տեսնեիք՝ մեր հայրենակիցներն ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախնում հայրենիքից»,- ասուլիսում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց՝ չի մեղադրում Հայաստանից հեռացողներին. «Հեռացողների մեծ մասը Փաշինյանին ընտրողներն էին: Հարցնում էի՝ ինչո՞ւ եք գնում: Պատճառները բազմաթիվ էին, բայց ամենակարևոր պատճառներից էր՝ հուսալքություն, հավատի կորուստ և ասում էին՝ որևէ երաշխիք չունեն, որ Երևանի կենտրոնում, Մասիսում, Հրազդանում թուրքը չի բացի իր դուռն ու չի մտնի ներս»:
Ն. Զոհրաբյանի խոսքով, տոմսերի գինը թանկացել է, մեկ կողմը՝ Երևան-Մոսկվա, հասել էր ընդհուպ մինչև 750 դոլարի. «Առաջիկա օրերին Երևան-Ռուսաստան թռիչքի տոմսը երևի կսկսեն վաճառել Սոթբիսի աճուրդում»:
Նա նշեց, որ ՌԴ իր գործընկերների հետ է այսօր խոսել, զարհուրած էին, չէին սպասում նման միգրացիոն հոսք:
«Կանխատեսում եմ, որ 1990-ականների արտագաղթից ավելի զարհուրելի է լինելու այս արտագաղթը, քանի որ այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»,- ասաց պատգամավորը:
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:
«Փաշինյանն իր բոլոր թերություններով հանդերձ հիմար չէ: Գավառական շուստրի տղա է, բայց հիմար չէ: Շատ լավ գիտի, որ ինքը չի լինելու պատմության մեջ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ըստ Ն. Զոհրաբյանի, Ն.Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է իրեն ԵԽԽՎ-ից հետ կանչելը, քանի որ այսօր Փաշինյանն իրականացնում է ադրբեջանա-թրքական, Ալիև- Էրդողան երկյակի մեծ թուրանի ծրագիրը, նրա պատգամավորները խոսում են դիվանագիտական հարաբերությունների, ճանապարհների ապաշրջափակման մասին, իսկ ինքը խանգարում է:
«Ինձ համար ոչինչ կարևոր չէ, եթե անհրաժեշտություն լինի, մանդատս էլ կհանձնեմ: Ինձ համար կա մեկ բան՝ իմ մեղքը քավեմ ժողովրդի առաջ, որ ես իմանալով՝ ով է Փաշինյանը, 2018 թվականին լռեցի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամվորը:
Անդրադառնալով ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունների, մասնավորապես, որ նա պատերազմի 44 օրերին ասել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք», Ն. Զոհրաբյանն ասաց. «Ասուլիսից 10 րոպե հետո կդնեմ քո ուղիղ խոսքը, որտեղ դու ասում ես՝ մենք հաղթելու ենք, սա չէի ասի, եթե միանշանակ վստահ չլինեի, որ հաղթելու էինք: Դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ, ՊՈԱԿ-ի դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին, դու ևս կրելու ես քո բաժին քրեական պատասխանատվությունը:
Մեծ քննություն է լինելու պարզելու, հասկանալու համար, թե ինչպես եղավ, որ Շուշին հանձնվեց»:
Նա նշեց, որ Փաշինյանը փորձում է ստեղծել և կազմակերպել հավաքական դավաճանության և հավաքական պատասխանատվության ինստիտուտ:
Խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, նա ասաց, որ չի կարող հավատալ որևէ քաղաքական ուժ կարող է Փաշինյանից պորտֆել վերցնել ու նրա հետ համախոհությամբ գնալ ընտրությունների:
Ն. Զոհրաբյանի խոսքով, եթե հանկարծ ի վերջո Փաշինյանին հաջողվի «ամենասահամանադրագետ» Վահագն Հովակիմյանի միջոցով շրջանցել Սահմանադրությունը ու հասնել նրան, որ առանց վարչապետի հրաժարականի լուծարեն ԱԺ-ն, չպետք է թողնել, որ նա գրպանային մարդ-կուսակցությունների հետ գնա ընտրության:
«Այդ դեպքում պետք է գնալ արտահերթ ընտրությունների, բնականաբար, առանց որևէ համագործակցության: Աբսուրդ եմ համարում նման քննարկումը, որ որևէ իրեն հարգող քաղաքական ուժ կմտնի արյամբ կնքված պայմանավորվածության տակ, քանի որ դրա տակ լինելու է 5000 և ավելի երեխաների արյուն, կորցրած հայրենիք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, երկիրը կանգնելու է քաղաքացիական բախումների առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ դժվարությամբ են գտնում այն ընտանիքներին, որոնք համաձայն են Աննա Հակոբյանն այցելի իրենց տուն. Հռիփսիմե Առաքելյան
- Գևորգ Խաչատրյան. Ավիատոմսերն իրականում չեն թանկացել
- Տեսածը՝ «Արծրուն Հովհաննիսյան»
- Օդանավակայանում լարված իրավիճակ է, շատ ուղևորներ չեն կարողանում մեկնել ՌԴ
- Այս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան