Մեկ «Բայրաքթար»-ի համար ծախսվում է այնքան, ինչքան մեր գիտությանը հատկացվել է 10 տարում. Ռադիկ Մարտիրոսյան
«Մեկ «Բայրաքթար»-ի ստեղծման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 270 մլն դոլար, որը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»,- «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենարան» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ նախկինում էլ են հնչեցվել մտքեր գիտության զարգացման համար, բայց գիտության վերաբերյալ հիմնական բնութագծերը մնացել են նույնը:
Նկատելով, որ բոլորը գիտեն ոլորտի հիմնական խնդիրները՝ ԳԱԱ նախագահը շեշտեց, որ ցանկանում է հիշեցնել դրանք, որպեսզի չմոռանան:
«21-րդ դարում, հաշվի առնելով նախորդ տարվա աղետալի երևույթները, պետք է փոխել մեր կյանքի ընթացքը, ապրել նորովի, որը հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով»,- հայտնեց Ռադիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է:
Նրա խոսքով՝ 44 օրյա պատերազմի զոհերի և կորուստների 90 տոկոսը պայամանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ:
Զարգացած գիտություն ունենալու համար, ըստ գիտնականի, անհրաժեշտ է լուծել ֆինանսավորման, կադրային ներուժի, բարձր մակարդակի միջազգային համագործակցության և գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվերի հարցերը:
ԳԱԱ նախագահը տեղեկացրեց, որ Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 0.25 տոկոսը:
Նկատելով, որ Հայաստանում 1995 թվականից մինչ հիմա գիտությանը հատկացվել է այդ փոքր տոկոսը՝ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այն գիտության ֆինանսավորում չէ, այլ գումար է տրամադրվել այն գիտական կազմակերպությունների պահպանման համար, որոնք խորհրդային տարիներին զբաղվում էին գիտությամբ:
Անդրադառնալով հնչած այն փաստարկներին, թե հարևանների ՀՆԱ-ում գիտությանը հատկացված տոկոսն էլ է քիչ՝ բանախոսը շեշտեց, որ հարևանների ՀՆԱ-ն Հայաստանինից 6-7 անգամ մեծ է:
Ռադիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը հանրապետական միջին աշխատավարձի կեսն է, իսկ ԳԱԱ-ի աշխատողների 2/3-ը ստանում են նվազագույն աշխատավարձ:
«Այն երկրներում, որտեղ կարևորություն են տալիս գիտության զարգացմանը՝ ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 2-3 տոկոսը, իսկ այն երկրներում, որտեղ նաև տեխնոլոգիական հետազոտություններ են իրականացվում, այդ թիվը հասնում է 4 տոկոսի՝ ինչպիսին է Իսրայելը, Հարվային Կորեան, Շվեյցարիան, Շվեդիա»,- հայտնեց Ռադիկ Մարտիրոսյանը
Հարակից հրապարակումներ`
- Մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ. Մխիթար Հայրապետյան
- Մենք պետք է երազենք, բայց հրաշքների չսպասենք. ԲՏԱ նախարար