2021-ի հունվար ամսին ամենաշատ պահանջված գրքերի ցանկ. Ազգային գրադարան
Հենց տարեսկզբից Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների գրքային նախընտրությունն առանձնանում է իր բազմազանությամբ. գրադարանում հունվարին ամենից շատ ընթերցված գրքերի ցանկը սկսվում է 18-րդ դարի առաջին կեսին ստեղծված ֆրանսիական վեպերից և վերջանում 20-րդ դարի հայկական բանաստեղծական արվեստի գոհարներով։ 2021 թվականի հունվար ամսին ամենաշատ պահանջված գրքերի ցանկը՝ թոփ-10-յակը, հրապարակել է Ազգային գրադարանը:
Վիկտոր Հյուգո, «Փարիզի Աստվածամոր տաճարը»
Ցանկը գլխավորում է ֆրանսիական ռոմանտիզմի ամենակարևոր կերպարներից մեկի՝ Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպը՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը»։ Գեղեցկուհի Էսմերալդայի և տաճարի սապատավոր ժամկոչի պատմությունը գրավել է անթիվ-անհամար մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից, բազմիցս էկրանավորվել է ու բեմադրվել։ «Նրանք բնության ու հասարակության երկու ծայրահեղ թշվառություններ են, որոնք դիպչում են իրար ու օգնում միմյանց»,-նշել է Հյուգոն վեպի գլխավոր հերոսների մասին խոսելիս:
Ստենդալ, «Կարմիրը և սևը»
Երկրորդ տեղում դարձյալ ֆրանսիական, բայց այս անգամ ռեալիստական լավագույն ստեղծագործություններից մեկն է՝ Ստենդալի «Կարմիրն ու սևը» վեպը, որը հրատարակվելուց կարճ ժամանակ անց լայն տարածում է ստացել ողջ աշխարհով և սյուժե հանդիսացել տարբեր քննադատական ու վերլուծաբանական գրքերի համար։
Ֆեոդոր Դոստոևսկի, «Ապուշը»
Ցանկը շարունակում է ռուս գրող, գրականագետ Ֆյոդոր Դոստոևսկու հանրահայտ «Ապուշը» վեպը, որում ամբողջականորեն դրսևորվել են գրողի գեղագիտական սկզբունքները։Վեպն իրավմամբ դասվում է համաշխարհային մշակույթի գլուխգործոցների թվին։ Այս վեպի հիման վրա նույնպես բազմաթիվ թատերական ներկայացումներ ու կինոֆիլմեր են ստեղծվել, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել մի շարք նշանավոր դերասաններ։
Ջեյն Օսթին, «Հպարտություն և նախապաշարմունք»
«Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել»: Խոսքերը մեջբերված են Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպից։ 19-րդ դարի սկզբին կերտված այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Վեպը մեր տասնյակի 4-րդ հորիզոնականում է։
Խավիեր Մարիաս, «Այնքան սպիտակ սիրտը»
Այնուհետև պիտի անդրադառնանք իսպանական գրականության 20-րդ դարի գլուխգործոցներից «Այնքան սպիտակ սիրտը» վեպին։ Խավիեր Մարիասի՝ գաղտնիքների, դրանց վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու, սպիտակ սրտերի մասին պատմող ու մեր ցանկի 5-րդ տեղում հայտնված վեպը թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով։
Գուրգեն Մահարի, «Այրվող այգեստաններ»
Արևելահայ գրականության լավագույն վեպերից մեկը համարվող, սակայն դաժան ճակատագրի արժանացած «Այրվող այգեստանները» 6-րդն է հունվարին գրադարանում ամենից շատ ընթերցված գրքերի տասնյակում: Հեղինակը՝ 1903 թվականին Վան քաղաքում ծնված հայ բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարին, վեպի ստեղծման առթիվ գրել էր, որ ցանկացել է «ընթերցողին դարձնել «վանեցի», ուր Էլ որ նա ծնված լիներ, այնպես, որ նա ոչ միայն տեսներ Վանը, այլև զգար»: Այս իրողությունը պատճառ դարձավ վեպի ոչ ճիշտ ընկալմանը, անթիվ քննադատություններին ու մեղադրանքներին։ Բանը հասավ նրան, որ գիրքը հրապարակայնորեն խարույկ բարձրացվեց, գրողին ստիպեցին տեքստեր փոխել, ինչի հետևանքով գրողի առողջությունը տեղի տվեց, ու կարճ ժամանակ անց նա մահացավ:
Հեսսե Հերման, «Սիդհարթա»
Գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպ-առակը հաջորդ տեղում է։ Վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։
Արփի Ոսկանյան, «Չի վաճառվում»
Ժամանակակից հայ բանաստեղծուհի Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գիրքը 8-րդն է հունվարին ամենաընթերցված գրքերի ցանկում։ Գրքում տեղ գտած պատմվածքներն ընդգրկում են 20 տարվա ժամանակահատված՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհն ու այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։
Միսաք Մեծարենց, «Ստեղծագործությունների ժողովածու»
Արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի «Ստեղծագործությունների ժողովածուն» անցած ամիս ևս բազմիցս հայտնվել է գրադարանի ընթերցողների սեղաններին։ Ժողովածուում ընդգրկում են Մեծարենցի թե՛ բանաստեղծությունները, թե՛ արձակ էջերը։
Սիլվա Կապուտիկյան, «Ընտրանի»
Տասնյակը եզրափակում է Սիլվա Կապուտիկյանի «Ընտրանի»-ն, որը լույս է ընծայլվել ամենայն հայոց բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները