Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարը ելույթ կունենա Երևանում
Աշոտ Խաչատուրյանն իր սերնդի լավագույն դաշնակահարներից է: Արմատներով արցախցի բելգիաբնակ մեր հայրենակիցը, փետրվարի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից:
Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի ռոյալ Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար:
Փետրվարի 4-ին, սիմֆոիկ համերգի ընթացքում, կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը Բեթհովենի և, առհասարակ, այս ժանրի լավագույն ստեղծագործություններից է: Այն մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք և 250 տարի անց էլ այն դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքին: Այդ օրը կհնչի նաև Թիվ 2-րդ սիմֆոնիան՝ Բեթհովենի վաղ շրջանի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը: Համերգը կղեկավարի ՀԱՖն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի մենակատար Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն և վիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ:
2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները