Մենք պետք է երազենք, բայց հրաշքների չսպասենք. ԲՏԱ նախարար
«Կառավարության ծրագրերի և առաջնահերթությունների մեջ նախանշված է, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր: Այդպիսի երկիր ունենալու համար պետք է առաջնահերթությունների մեջ առաջնորդվենք ռեսուրսների տրամադրման ճիշտ կառուցվածք ունենալու տեսանկյունից»,- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա ներկայացմամբ՝ առաջնահերթությունների հստակ սահմանում, ճիշտ կորդինացիա, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում, գործիքների ուժեղացում, սրանք այն հիմնարար ուղղություններ են, որոնցով կկարողանան ի վերջո դիմակայել և դիմագրավել այս ագրեսիվ տարածաշրջանում մեր գոյությունն ու անվտանգությունը:
«Հատկապես ռադիոինժեներության, այդ թվում նաև թե ծրագրային ալգորիթմական, թե սարքաշինության, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթմների ուղղություններով իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղություններով»,- նշեց նախարարը:
Հ. Արշակյանը ցանկություն հայտնեց մեկ շեշտադրում անել. «Ամենևին կասկածի տակ չդնելով հայ ինժեների, գյուտարարի, գիտնականի մտավոր ներուժն ու կարողությունները՝ ուզում եմ, որ մենք, այնուամենայնիվ, հրաշքների չսպասենք: Այո, մենք պետք է երազենք, ներդնենք առավելագույնը, օգտագործենք մեր գիտական ներուժն այն ավելի զարգացնելով, սակայն հասարակության մեջ ժամանակ առ ժամանակ հույսի, հրաշքի սպասումի այս հոգեբանական վիճակը բերում է այդ սպասումների չիրականացման հոգեբանական խնդիրների: Պետք է համբերատար, ուժերի գերլարումով աշխատանքներ իրականացնենք այս ուղղություններով՝ հասնելով իսկապես արդյունավետ, ուժեղ տեխնոլոգիական զարգացած արդյունաբերություն ստեղծելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան