Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.
«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել:
Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով:
Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում և ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Շնորհակալ եմ ակումբային կարիերայիս ընթացքում իմ կողքին խաղացած բոլոր խաղընկերներիս, ինձ մարզած բոլոր մարզիչներին: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար:
Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը: Ցանկացած ֆուտբոլիստ դեռ փոքր հասակից երազում է իր երկրի հավաքականում հանդես գալու մասին: Ես որոշում ընդունեցի խաղալ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն ինձ հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում:
Ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր, քանի որ ես ցանկանում էի միանալ Հայաստանի հավաքականին՝ տարբերություն ստեղծելու համար: Կարող եմ հպարտորեն ասել, որ ինձ դա հաջողվեց: Հայկական ֆուտբոլի պատմության լավագույն սերունդներից մեկի մասնիկը լինելը, մեր ազգին այդքան ուրախություն պարգևելը իմ 14-ամյա կարիերայի գլխավոր ձեռքբերումն է:
Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա:
Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, հավաքականի և ֆեդերացիայի անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր դեր են ունեցել իմ կարիերայի ընթացքում: Հատկապես շնորհակալ եմ մեր հիանալի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացել եմ ինձ համար ամենածանր պահերին: Հուսով եմ և նաև վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում՝ ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ»:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:
«Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,-այս կապակցությամբ նշել է Արմեն Մելիքբեկյանը:
Իր հերթին, Յուրա Մովսիսյանը, նշել է.
«Շատ ուրախ եմ այսպիսի վստահության համար: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին: ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները