ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պատրոն Դավոյին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին,
որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սիվիլնեթին» Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։
Հարակից հրապարակումներ`
- Պատրոն Դավոն որպես մեղադրյալ է ներգրավվել
- Mediaport-ի բացառիկ մանրամասները. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 մլն դոլար գողացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին