Բողոքի ակցիա՝ Ախալքալաքում
Երեկ Ախալքալաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանների փակման դեմ: Հավաքվածները պահանջել են բացել սահմանները, որպեսզի նրանք կարողանան մեկնել արտագնա աշխատանքների: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի մերձակայքում, կայացած հավաքին մասնակցել էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր գյուղերի բնակիչներ:
Բողոքողների մեծ մասը Ջավախքի այն բնակիչներն էին, ովքեր ամեն տարի մեկնում են Ռուսաստան աշխատելու:
Ակցիայի նպատակն էր իշխանություններին հասցել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու իրենց պահանջը:
«Մեր հիմնախնդիրը Հայաստանի և Ռուսաստանի հետ ճանապարհներն են: Մենք արդեն սովի մեջ ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմեռնեն: Անձամբ ես չեմ մեկնում, բայց իմ հարազատներն ու ընկերները գոյատևում են աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է սոցիալական խնդիրը լուծելը: Միգուցե մեր այսօրվա հանրահավաքով չլուծվի այս հարցը, բայց պետությունը կտեղեկանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես շարունակել ապրել », – ասել է Սաղաթել Փիլոյանը:
Իրենց բողոքն են բարձրաձայնել նաև տեղի ռեստորանների և հարսանյաց սրահների աշխատակիցները, ովքեր մնացել են առանց եկամտի աղբյուրի:
«Թողեք աշխատենք: Մենք երեխաներ ունենք, նրանք սնվել են ուզում, մենք չենք կարող երեխաներին ասել, որ քաղցրավենիք կերեք շաբաթը միայն մեկ անգամ: Ես հասկանում եմ, ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ»,- ասել է աշխատակիցներից մեկը։
Կարտիկամ գյուղից մի երիտասարդ ասել է, որ ինքը երաժիշտ է և չգիտի, թե ինչպես կարելի է գումար վաստակել այս ճգնաժամային շրջանում:
«Հարսանիքներն ու այլ միջոցառումները չեն թույլատրվում, ես ապրում եմ բանկից վերցրած վարկերով և չգիտեմ, թե երբ կկարողանամ այն մարել», – ասել է երիտասարդը:
Դիլիսկա գյուղից Գագո Նահատակյանը համաձայն է աշխատել այստեղ, եթե կարողանա աշխատանք գտնել. «Եթե այսպես շարունակվի, մենք կմեռնենք: Թող այստեղ աշխատատեղեր բացեն և մենք կմնանք այստեղ, կամ էլ թող բացեն, կգնանք, կաշխատենք և կվերադառնանք մեր երկիր: Սա մեր հայրենիքն է: Նույնիսկ կարտոֆիլը չի վաճառվում, իսկ եթե վաճառվում էլ է, ապա շատ ցածր գնով: Խանութներում ամեն ինչ թանկացել է»:
Տեղական ինքնակառավարման մարմիններից ոչ ոք ակցիայի մասնակիցներին չի արձագանքել: Բողոքողները պայմանավորվել են մի քանի օրից կրկին հավաքվել և հրավիրել ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան