Հայաստանում 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի սոցիալ - տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ - օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, 2020 թ-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 7,5 տոկոսով։
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեից, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020թ-ի հունվար-դեկտեմբերին նվազել է 0.9%-ով, իսկ դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 5.8%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա, ըստ վիճակագրության, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2020թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.4%-ով:
Հունվար-դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էլ ավելացել են 1.2%-ով, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 9.5% -ի անկում։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2019թ-ի համեմատ ծավալները նվազել են 14 տոկոսով, իսկ դեկտեմբերին 34.6 տոկոս աճ է գրանցվել 2020թ-ի նոյեմբերի համեմատ։
Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալն էլ 14.4%-ով նվազել է, իսկ նոյեմբերի համեմատ գրանցվել է 16.3%-ի աճ:
Սպառողական գներն էլ, ըստ վիճակագրության` հունվար-դեկտեմբերին աճել են 1.2%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ գրանցվել է 3.4%-ի աճ:
Ըստ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 7 մլրդ 103.9 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2019 թվականի համեմատ նվազել է 13.2%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 2 մլրդ 544.5 մլն դոլար՝ 2019թ-ի համեմատ նվազելով 3.9%-ով, իսկ ներմուծումը կազմել է 4 մլրդ 559.4 մլն դոլար՝ նվազելով 17.7%-ով:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Վիճկոմիտեի փոխանցմամբ, 2020թ-ի հունվար-դեկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,9 %-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ աճել է 24.3%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 5.3%` կազմելով է շուրջ 179 հազար դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձն աճել է 3%՝ հասնելով շուրջ 199 հազար դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան