Աբովյանը՝ իմքայլականներին. Չհամարձակվեք ձեր մեղքերը մեր վզին փաթաթել
«Այն ընթացքում, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, Հայաստանից մեկնել են, գնացել են կամ հեռացել են ընդհանուր առմամբ 373 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41 հազար մարդ»։ ԱԺ-ում այսօր նման թվեր հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Հայաստանից մարդիկ փախչում են։
Գևորգյանը խնդրեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանին այդ թվերը փոխանցել գործընկերոջը, որն այդ պահին դահլիճում չէր։
Ի պատասխան Աբովյանը մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց. «Սիրտներդ կպայթեր չէ՞ ԲՀԿ-ին... Ուրեմն հիշեցնեմ ձեզ, ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, ԲՀԿ-ի ժամանակ պատերազմ Հայաստանը չի պարտվել։ Եթե ապրում եք զուգահեռ իրականության մեջ, որը ձևավորել եք ձեր գլխում, որտեղ ամեն ինչ նորմալ է ձեզ համար, ապա ես միանում եմ իմ գործընկերոջ կոչին, գնանք միասին օդանավակայան, գալի՞ս եք, գնանք մարդկանց հարցնենք, ինչո՞ւ են արտագաղթում։ Այո, մեղավորը դուք եք, ու չհամարձակվեք ձեր մեղքերը մեր վզին փաթաթել»։
«Իմ քայլ»-ի պատգամավորներից ինչ-որ մեկը ռեպլիկ արեց, սա էլ ավելի բարկացրեց Աբովյանին, հորդորեց՝ չհամարձակվեն իրեն ընդհատել։
«Ինչ տոնով ես խոսում եմ... երբ այստեղ սադրիչ ելույթներ եք ունենում ու փորձում եք ձեր մեղքերը բարձել մեզ վրա... խնդրում եմ ամեն մարդ, թող իր դարդով տապակվի»,- ասաց Աբովյանն ու երկու տարբերակ առաջարկեց, կամ իմքայլականները չեն հասկանում, որ տապալել են ամեն ինչ, կամ իրենց համար սեփական օրակարգն են սահմանել։
Տարածաշրջանային իրավիճակի թեմայից ելույթ ունեցած պատգամավորներին նա հարց ուղղեց՝ գեթ մեկ անգամ խոսացե՞լ են Արցախի օկուպացված տարածքներից։
«Դուք մի հատ իրար մեջ հասկացեք, որն է օկուպացված, որը՝ ոչ։ Ըստ մեզ օկուպացված է Արցախի Հանրապետության 75 տոկոսը։ Ժողովուրդ, էս ի՞նչ է կատարվում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում