Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ իր համար չվնգստացող դատավորներին փոխել վնգստացողներով. Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը, այդ ապիկարը մի ցանկություն ունի՝ իր համար չվնգստացող դատավորներին փոխել վնգստացողներով»,- այսօր ԱԺ շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը։
Նրա խոսքով, հարց է առաջանում, թե ովքեր են գործեր քննելու, ովքեր են այն պրոֆեսիոնալ դատավորները, որ ավելի մասնագիտացված մոտեցում կարող են ցուցաբերել։
«Էդ իր նորաթուխ ջահելներին, էդ դատավորներին բերելու են նույն ձևով, ոնց հիմա եղած մի քանի պատգամավորներին, որ վկայականը կորցնեն, 3 օր չեն հիշի՝ ինչ են աշխատում։ Նիկոլ Փաշինյանն առաջին օրը խոստովանեց, նա ինքնախոստովանական ցուցմունք տալու մեծ վարպետ է, ասաց՝ էդ ո՞ր դատավորը կարող է իմ ասածը չանել։ Հիմա մի քանի դատավորներ հայտնվել են, որ չեն վնգստում, իր ասածը չեն անում, ինքն ուզում է այդ դատավորներին փոխել»,- նշեց նա։
Պատգամավորը նշեց, որ այսօր քննարկվող օրենքի նախագծով առաջարկվում է նոր դատավորների բերել, որոնք նոր վարույթներ կքննեն։
«Բայց դա արհեստական օրակարգ է, հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ է նշանակում խափանման միջոց փոխող դատարան, նշանակող դատարան..., չգիտեմ ինչ։ Բա էն ժամանակ որ ասում էինք դատավորների թիվն ավելացրեք, քանի որ կա Եվրադատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ պետք է գործերը ողջամիտ ժամկետներում քննվեն, ասում էին՝ մենք փող չունենք։ Արա, բա էսօր վիրավոր ազատամարտիկներին բուժելու փողերով ուզում եք արտահերթ ընտրություններ նշանակե՞լ ու նոր դատարաններ ստեղծե՞լ։ Ուրեմն այդ դատարաններն այսօր ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Այդ դատավորներն էլ Նիկոլ Փաշիյանին պետք են սեփական կամքն իրագործելու համար»,- շեշտեց նա։
Ըստ պատգամավորի, թեև իշխանություններն այսօր շատ խնդիրներ ունեն, բայց նրանց համար դեռ ամբողջությամբ անառիկ է դատական համակարգը։
Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, ապա Գևորգ Պետրոսյանն ասաց, որ դա մոտ 5 մլրդ դրամի խնդիր է, մինչդեռ այդ գումարով Նիկոլ Փաշինյանը պետք է հոգ տանի պատերազմում հաշմանդամ դարձած երեխաների բուժմամբ, այլ ոչ՝ սեփական իշխանությունը վերարտադրելով։
«Ինքն է պարտվել պատերազմը, ուրեմն պետք է գնա»,- նկատեց նա։
Այնուամենայնիվ, ըստ Գևորգ Պետրոսյանի, պետք է մասնակցել ընտրություններին, դաշտը չպետք է բաց մնա Նիկոլ Փաշինյանի համար։
«Որովհետև Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ դա է, որ մենք դաշտը թողնենք լրիվ իրենց: Բայց այլ է խնդիրը, թե որքանով է ՀՀ-ում այսօր անհրաժեշտ արտահերթ ընտրություն անցկացնելը: Բացարձակապես պետք չի: ԱԺ-ն թող մնա հանգիստ: Ես չեմ ասում, որ գոհ ենք ԱԺ-ի այսօրվա կազմից: Այնտեղ կան պատգամավորներ, որոնք գալիս են պարապ ինքնահիացմամբ զբաղվելու, պամադա քսելու, սրա-նրա հետևից կեղծ բաներ գրելու: Բայց այս պահին արտահերթ ընտրություն անցկացնելը նպատակահարմար չի:
Թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և այնպիսի իրավիճակ լինի, որ նա որպես վարչապետ կամ պաշտոնակատար որևէ լծակ չունենա ազդելու ընտրությունների ընթացքի վրա, և ինքը չպետք է մասնակցի ընտրություններին»,- եզրափակեց խոսքը Գևորգ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա. Գեղամ Մանուկյան
- Ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք Հայաստանում անելիք չունեն. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան