«Ժողովուրդ». Անլուրջ և անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբևէ չի պատժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի («Բոքոնիկ» սուպերմարկետի հարևանությամբ) մի քանի տասնյակ բնակարանատերեր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ և ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ և իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են դառնալ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ, ապա տեղափոխվել իրենց նոր բնակարաններ՝ ապրելու։
Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ Նկատենք, որ նման անլուրջ և անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբևէ չի պատժվել, այնինչ իր այս պահվածքի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չդիմեց քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, քանի որ նախապես տեղեկացված էր, որ իր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից: Ասել է թե՝ այդպես էլ չի ստացվում հայության մայրաքաղաքի քաղաքապետի պահվածքի մասին պարզաբանումներ և բացատրություններ ստանալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում