«Ճախրող լամպը» պիեսը՝ հրաշալի օրինակ նաև այսօր մեզ համար
Ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր, գրող Վուդի Ալլենի 85-ամյա առիթով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմ կբարձրանա հեղինակի «Ճախրող լամպը» պիեսը։ Բեմադրիչն է Մերի Մարգարյանը։
«Իհարկե, սկզբում ընտրվել է պիեսը, սակայն կորոնավիրուսի պատճառով պրեմիերան ուշանում էր, այդ իսկ պատճառով համընկել է Վուդի Ալլենի 85-ամյակի հետ»,- ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Մերի Մարգարյանն ասաց, որ այս պիեսն ընտանիքի, դրա խնդիրների մասին է։
«Այդ պատճառով, ինձ թվում է, կհետաքրքրի հանդիսատեսին։ Այն խնդիրները, որոնք կան պիեսում, կան նաև մեր հասարակության մեջ։ Այդ իսկ պատճառով ընտրել ենք հենց այդ գործը»,- նշեց բեմադրիչը։
Պիեսի հերոսը՝ Փոլը, փխրուն ու երկչոտ տղա է, որը երազում է զբաղվել հրաշագործությամբ։ Նա ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ ժամանակին երազանքներ են ունեցել, որ չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել Փոլին իրականացնել իր երազանքը։ Նրանք կարծում են,որ նա պիտի լինի իրատես և իրեն հարմար աշխատանք գտնի։ Փոլին մարմնավորել է Նարեկ Բաղդասարյանը։
«Կա մի շատ սիրուն մեսիջ՝ երազել, դեռ չի նշանակում ստանալ։ Փոլը հանուն իր երազանքի անընդհատ գործում է։ Եթե ամբողջ ընտանիքը, մյուս հերոսներն իրենց երազանքի հետևից չեն գնացել, որովհետև համարել են ոչ ռեալ, չեն գործել հանուն երազանքի, ամենաերկչոտ, կակազող տղան ամենակամքի դրսևորման փայլուն օրինակն է։ Ինձ թվում է՝ հրաշալի օրինակ է նաև այսօր մեզ համար։
Տղան հիանալի օրինակ է դառնում մայրիկի համար, քանի որ հետո մայրն է փոխանցում ուժը, մայրն է հասկանում, որ երազել դա դեռ չի նշանակում ստանալ՝ հանուն երազանքի պետք է ուժ ունենալ ու առաջ տանել, ինչը վերաբերում է նաև մեզ, մեր հայրենիքին։ Մենք մեր հայրենիքի տերն ենք անկախ ամեն ինչից, առաջնագծում ենք մեր արվեստով, հրաշալի զինվորներն՝ իրենց գծերում, ոչ մեկ իրավունք չունի թուլանալ»,- ասաց Նարինե Գրիգորյանը, ով ներկայացման մեջ մարմնավորում է Փոլի մայրիկին։
Դերասան Նարեկ Բաղդասարյանը նշեց, որ մարդը սովորություն ունի ուղղակի ինչ-որ բաներ ցանկանալ, բայց սովոր չի գործ անել, միայն նստում ու ցանկանում է։
«Իմ կերպայն այդ տեսակը չէ, ինքը սիրավարված է հրաշագործությանը, անընդհատ փորձ է անում, փորձում է կատարելագործվել։ Մի քիչ վախվորած է, գոնե արտաքինից, բայց իր կամային հատկանիշներն իրականում ավելի ամուր են, քան իր ծնողներինը, ներկայացման մնացած գործող անձանց։ Իմ միջոցով կարողանում են դեպի լույս աշխարհ գուրս գալ»,- ասաց դերասանը։
Նարիեն Գրիգորյանի խոսքով, ներկայացումը շատ մոգական մթնոլորտ ունի, նաև ձևավորումն է հետաքրքիր՝ ամբողջ տունը երևում է, ընտանիքի բոլոր անդամների գործողությունները հանդիսականը զուգահեռ տեսնում է։
«Ձանձրանալու պահ չի լինում, անընդհատ գործողություններ են»,- նշեց դերասանուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները