Հարավային Ավստրալիան ճանաչում է Արցախն ու դատապարտում Ադրբեջանին ու Թուրքիային
Հարավային Ավստրալիան դարձավ Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային՝ բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ասվում է խորհրդարանի քվեարկությամբ ընդունված միջնորդության մեջ:
Այս միջնորդությունը հաջորդել է 2020-ի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր ժողովի կողմից ընդունված առաջարկին, որը նմանապես «Դաշնային կառավարությանը կոչ է անում ճանաչել նաև Արցախի Հանրապետությունը որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ խուսափելու համար ռազմական նման ագրեսիայի հետագա փորձերից»:
Նշվում է, պատգամավոր Թոմ Կուցանթոնիսն է ներկայացրել պատմական միջնորդությունը, որում ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացնում են պանթուրքական ազգայնականության քաղաքականություն, նախկինում հանգեցրել է ցեղասպանության, ու որն այժմ սպառնում է հայ բնակչությանը՝ Արցախի էթնիկ զտմամբ»:
Խորհրդարանը քննարկել է նաև բանաձևի քվեարկությունը հետաձգելու հարցը, որը ձախողվել է խոսնակի կողմից։ Քննարկումները վերսկսվել են, և բանաձևը միաձայն ընդունվել է։