ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են սերտորեն խորհրդակցել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ
ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի կողմից խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու արդյունավետությունը: Այս մասին նախօրեին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է Tass-ը։
Սալիվանը Քալընին մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 ցամաքային հրթիռային համակարգերի գնումը խաթարում է [Հյուսիսատլանտյան դաշինքի] միասնությունն ու արդյունավետությունը: Այդ մասին ավելի ուշ ասել է նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։
Այդուհանդերձ, Սալիվանն «ընդգծել է Բայդենի վարչակազմի ցանկությունը՝ կառուցել ԱՄՆ-Թուրքիա կառուցողական կապեր, ընդլայնել համագործակցության ոլորտները և արդյունավետորեն կառավարել տարաձայնությունները», ասել է Հորնը:
Սալիվանը Քալընի ուշադրությունն է հրավիրել նաև «ՆԱՏՕ-ի միջոցով անդրատլանտյան անվտանգությունն ամրապնդելու [ԱՄՆ ներկայիս] վարչակազմի մտադրությանը», - ասել է նա:
Բացի այդ, ամերիկացի առաջնորդի խորհրդականը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների վերսկսումը, ազդարարել Վաշինգտոնի աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` Կիպրոսում կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը ապահովելու ծրագրերին:
Վերջապես, Հորնի խոսքերով, կողմերը «պայմանավորվել են համատեղ աշխատել՝ գլոբալ մարտահրավերների ուղղությամբ», ինչպիսիք են կորոնավիրուսի նոր համաճարակն ու կլիմայի գլոբալ փոփոխությունները, պայմանավորվել են «սերտորեն խորհրդակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ»։