ԵՊԲՀ լսարաններից մեկը կանվանակոչվի ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անվամբ
«Վերադարձ» ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը․ «Վերադարձ» ծրագիրի շրջանակներում ԵՊԲՀ-ում շարունակվում են բացվել ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։
««Վերադարձ» ծրագրի շրջանակներում Քարամյան ընտանիքի միջոցներով հիմնանորոգվել է ԵՊԲՀ Կորյունի 2 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի թիվ 8 լսարանն ու նախասրահը և վերազինվել տեխնիկական ժամանակակից միջոցներով:
Կարևորելով Համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը՝ Քարամյան ընտանիքի կողմից 2021/2022 ուսումնական տարվանից սահմանվել է նաև կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճար` մասնակի կամ ամբողջապես՝ կախված ուսման առաջադիմությունից՝ բուհի որոշմամբ:։
Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում (ներկայումս՝ Բանավան): Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1955 թվականին՝ արծաթե մեդալով:
Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը, որն ավարտել է 1961 թվականին:
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քաջարանի հիվանդանոցում` որպես թերապևտ: 1961 թվականին Երևանում անցել է վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, որից հետո աշխատել է Կապանի բուժմիավորումում որպես վիրաբույժ: 1962-2017 թվականներն աշխատել է Կապանի մարզային հիվանդանոցում որպես վիրաբույժ-ուրոլոգ: 1972 թվականից նաև Ռ. Քարամյանի անձնական ջանքերով Կապանի հիվանդանոցում ստեղծվել է Ուրոլոգիական բաժանմունքը, որը 1977 թվականին դարձել է միջշրջանային` սպասարկելով Զանգեզուրի (Սյունիքի մարզի) ազգաբնակչությանը:
1968-1969 թվականներին Ռոբերտ Քարամյանն անցել է կլինիկական օրդինատուրա՝ «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, իսկ 1982 թվականին Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտաքին միջավայրի յոդային անբավարարության դերը միզաքարային հիվանդության էնդեմիայում» թեմայով:
Անցել է ուրոլոգիայի վերապատրաստման դասընթաց Լենինգրադում (1976 թ.): Եղել է ԽՍՀՄ ուրոլոգների 1-ին, 3-րդ և 4-րդ համամիութենական համագումարների պատվիրակ (Բաքու, Կիև, Մոսկվա), Անդրկովկասի հանրապետությունների ուրոլոգների 1-ին համաժողովի պատվիրակ (Սուխումի, 1977 թ.), որտեղ հանդես է եկել գիտական զեկուցմամբ՝ միզաքարային հիվանդության էթիպոգիայի վերաբերյալ: Շուրջ մեկ տասնյակ տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, ՙՎիրաբույժների հայկական ասոցիացիայի՚ պատվավոր անդամ:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սկզբնական ժամանակահատվածում՝ 1991-1992 թվականներին, եղել է Կապանի էվակուացված հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այնուհետև պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-1994 թվականներին, Կապանում կազմավորված զինվորական բրիգադի բժշկական ծառայության պետը:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Պարգևատրվել է նաև Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի պատվոգրերով, ՀՀ առողջապահության նախարարի, Սյունիքի մարզպետի, Կապանի զինկոմիսարիատի շնորհակալագրերով:
1986 թվականին Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Ռոբերտ Քարամյանին շնորհվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչում:
2012 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երեխաներ, թոռներ»,-ասվում է ԵՊԲՀ-ի հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա