Պատերազմից վերադարձած դերասաններն ասում էին՝ էլ չենք պատկերացնում, որ երբևէ կխաղանք. Նարինե Գրիգորյան
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունվարին հյուրախաղերով հանդես է եկել Արցախի մի քանի շրջաններում։
«Մտածում էին՝ եթե դերասաններ են գալիս, ուրեմն կյանքը շարունակվում է։ Շատ ուժ հավաքած ենք եկել։ Երևի դա եղավ մեզ համար վերելքի մի նոր շրջան»,- ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Նա նշեց, որ տարվա ընթացքում անպայման էլի այցելելու են Արցախ, նաև ուզում են այցելել Հայաստանի սահմանամերձ գյուղեր, որպեսզի երեխաներն անմասն չմնան մշակույթից ու ուրախությունից։
«Արցախում երեխաներ կային, որոնք պատերազմից հետո չէին խոսել։ Եկել էին ներկայացման, վերադարձել տուն ու սկսել առաջին անգամ խոսել, պատմել ներկայացման մասին։
Այդքան ասում ենք՝ թատրոնը թերապիա է, հաճախ մտածում եմ՝ գուցե մենք՝ որպես արվեստագետներ, մեզ հույս ենք տալիս։ Բայց այդ ժամանակ, իսկապես, զգացի, որ հոգուց է սկսում առողջությունը»,- պատմեց Նարինե Գրիգորյանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ պատերազմին մասնակից դերասաններ ունեն։
«Վերադարձած տղաներն ասում էին՝ էլ չենք պատկերացնում, որ երբևէ կխաղանք։ Բայց կեցցեն իրենք։ Շնորհակալ եմ իրենց, հպարտություն է, որ գնացին»,- ասաց Ն. Գրիգորյանը։
Խոսելով այս տարվա ծրագրերի մասին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան, քանի որ մշակույթին տրվող գումարը կրճատվել է, թատրոններից էլ է կրճատում եղել։
«Ես ամեն դեպքում պլանավորել եմ ներկայացումներ։ Կարծում եմ կլինեն մարդիկ, որոնք կօգնեն մեզ։ Վերսկսելու ենք մեր ընթերցանությունները»,- նշեց նա։
Թատրոնի շենքի շինարարությունը, Ն. Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով կանգենցվել է, այժմ դժվար է արագ վերսկսելը։
«Հիմա չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց երբ երազում ու գործում ես, անպայման ստանում ես», ասաց Նարինե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ճախրող լամպը» պիեսը՝ հրաշալի օրինակ նաև այսօր մեզ համար
- Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել. Նարինե Գրիգորյան
- Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները