Սենատը նախապատրաստվում է Թրամփի իմփիչմենթին
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ու քաղաքներում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել, որոնց նկատմամբ հարուցվել է հունվարի 6-ին Կոնգրեսի շենքը գրոհելու մասին մեղադրանքներ: Հարյուրավոր այլոց նկատմամբ իրականացվում է հետաքննություն:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ներքին ծայրահեղականներից սպառնացող վտանգը, ըստ ներքին գործերի նախարարության, շարունակվում է: Ձերբակալվածների մեջ է Կալիֆոռնիայի մի բնակիչ, որը, ըստ մեղադրանքների, կազմակերպել է Վաշինգտոնում շենքեր պայթեցնելու գործողություն:
Ինչպես Ներակայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է ասել, Թրամփը պետք է դատապարտվի այնպես, որ ապագայում ԱՄՆ-ի այլեւս որեւէ մեկ նախագահ չմտածի, որ կարող է հրահրել խռովություն:
Թրամփի պաշտոնավարման ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ էր Ներակայացուցիչների պալատը նրա նկատմամբ ներկայացրել անվստահության քվե` իմփիչմենթ:
Չնայած այն հանգամանքին, որ մի շարք հանրապետականներ եւս ընդունում են, որ Թրամփն է մեղավոր Կոնգրեսի շենքի դեմ սկսված գրոհի համար, նրան Սենատում իմփիչմենթի ենթարկելու համար պահանջվելու են երկու երրորդի ձայները: Այսինքն, եթե ընդունենք, որ բոլոր դեմոկրատները կողմ են իմփիչմենթին, այդ դեպքում պահանջվելու է նաեւ հանրապետականների առնվազն 17 ձայն: Մի բան, ինչն այսօր քիչ հավանական է թվում:
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, հանրապետականներին մտահոգում է ոչ այնքան Թրամփի վարկանիշը, որքան իրենց կուսակցության հեղինակությունը: Չէ որ հետագայում նման բիծը կխանգարի իրենց կուսակցությանը:
Ի դեպ, եթե Թրամփի նկատմամբ Սենատը եւս կայացնի իմփիչմենթի մասին որոշում, նա այլեւս չի ունենա դաշնային որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունք:
Թրամփը դառնում է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ նախագահը, որին իմփիչմենթի են ենթարկել երկու անգամ եւ նախկին նախագահներից կլինի առաջինը, ում նկատմամբ դատավարություն է անցկացվում Սենատում: