Ես կհասկանայի, եթե նախագիծ բերվեր Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի մասին. Տարոն Սիմոնյան
Խորհրդարանը կառավարության առաջարկով 108 պատգամավորով սկսեց արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու օրենսդրական փաթեթ:
Կառավարությունն առաջարկում է արագացված՝ 24 ժամյա ռեժիմով ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կից ներկայացված է նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Երկրորդ կետով ներկայացվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որում ներառված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:
Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջին փաթեթով նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել, իսկ երկրորդով անհետաձգելի կարգավորումներ են արվում սոցիալական ոլորտը կանոնակարգող նորմերում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան, վարման կարգով ձայն խնդրեց և հայտնեց, որ անհասկանալի է այդ օրինագծերի հրատապությունը:
Նրա խոսքով՝ եթե նախագիծ բերվեր Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի մասին, զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կամ բանակաշինության գործում արմատական փոփոխություններ կատարելու մասին, ապա ինքը կհասկանար, բայց ներկայացված նախագծերի հրատապությունը չի հասկանում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատեց, որ առաջնահերթությունները տարբեր են լինում և հայտնեց, որ սոցիալական ոլորտում ապրիլի 1-ին ուժի մեջ մտնող նախագծերի փաթեթ կա, և մինչ այդ որոշակի մոդելային փոփոխություններ պետք է արվեն ներկայացվող օրինագծերով:
Տարոն Սիմոնյանը նկատեց, որ կհասկանար, եթե այդ հիմնավորումը բերվեր մեկ կամ երկու տարի առաջ, բայց հիմա այլ առաջնահերթություններ են:
Նույն խմբակցության մյուս պատգամավորը՝ Անի Սամսոյանը նկատեց, որ իրենք բազմիցս խոսել են դատական համակարգի բարեփոխումների մասին, իսկ կառավարությունը շարունակում է զբաղվել դատական համակարգի բարեփոխման կարկատաններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան