Ես պետք է լինեի հրապարակում, քանի որ չեմ կարող համաձայնվել՝ Շուշին հայկական չէ. Աննա Մայիլյան
«Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, երբևէ չէինք սպասում: Պատրաստ էինք, բայց որ այս չափի աղետ կունենանք, ոչ մեկը չէր սպասում, քանի որ գիտեինք, որ մեր բանակը հզոր էր, մեր երկիրը պատրաստ էր»,- ասուլիսում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:
Նա ընդգծեց, որ հայ զինվորն իր հերոսական մարտերով կարողացել է դժվարություններ ստեղծել թշնամու համար, ով կարծել է, որ 1-3 օրերի ընթացքում կարող է հասնել հաջողության:
Աննա Մայիլյանի խոսքով, թշնամի հարևաններ ունեցող երկիրը իր բանակը պետք է միշտ պատրաստ լինի. «Հայաստանի ղեկավարը պետք է նախ կրի զինվորական հագուստ: Եթե նա ռազմական անհրաժեշտ ճանապարհով չի անցել մինչև երկրի ղեկավար դառնալը, ապա պետք է անպայման անցնի ու նոր դառնա մեր երկրի ղեկավար: Երկրի ղեկավար դառնալուց հետո առաջին քայլը պետք է լինի բանակի հնարավորությունների մոնիտորինգը:
Եթե կա պատերազմի վտանգ, հաշվարկներ արվեն, թե ինչ կարող ենք անել այս պատերազմում: Եթե բան չենք կարող անել, ուրեմն պետք է քայլեր անել դիվանագիտական դաշտում»:
Նա ընդգծեց՝ սարսափելի էր զրոյական կետից սկսելու մասին հայտարարությունները:
Աննա Մայիլյանի կարծիքով, այսօր այս իշխանության դեմ շատ մարդ դուրս չի գալիս, չնայած առկա ցավոտ հարցերին, քանի որ ժողովուրդն իր ամբողջ ներուժը սպառել է երկու տարի առաջ:
«Մենք բոլորս հավատում էինք, որ ճահճից դուրս գալու ինչ որ շող էր: Ես որպես մշակույթի գործիչ հույս ունեի, որ մշակութային առումով կունենանք լուսավոր ապագա: Անձամբ ես հեղափոխական չեմ, դեմ եմ հեղափոխություններին, բայց հույս ունի, որ նոր շունչ կլինի»,- նշեց նա:
Մայիլյանի խոսքով, ժողովուրդը կհավատա այն գործչին, այն ուժին, որը կկարողանա առանց Բենթլիներ պտտվել քաղաքում, չունենա դղյակներ:
«Ժողովուրդը սրան է սպասում: Հիմա ձգտել երկրի ղեկին զուտ աթոռի համար, աբսուրդ է: Բայց այն, որ պատերազմը տանուլ տված ղեկավարությունը պետք է հեռանա, բնական բան է»,- ասաց երգչուհին:
Մայիլյանը նշեց՝ հայ ժողովուրդը պետք է սթափվի:
«Ես պետք է լինեի հրապարակում, քանի որ ես չեմ կարող համաձայնվել, որ Շուշին հայկական չէ, կամ՝ եկեք մոռանանք ամեն ինչ: 5000-ից ավելի երեխաների սպանությունը մոռանա՞նք: Ես չեմ կարող համակերվել: Այն երաժշտությունը, որը ես եմ կատարում, ինձ թույլ չի տալիս, որպեսզի համակերպվեմ, հանգիստ նստեմ տանն ու զբաղվեմ վոկալով: Պետք է ինչ որ պայքարի դուրս գայի»,- ասաց նա:
Աննա Մայիլյանը նշեց, որ մի խումբ արվեստագետներով քննարկում են ու Արցախում համերգային ծրագրերով հանդես գալու նախագիծ ունեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան