ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները ոչ մի հարց չեն լուծում, փոխարենը՝ առաջացնում են խնդիրներ. Նավասարդյան
«Օրինագծում բավականին լուրջ իրավական խնդիրներ կան, բայց ուզում եմ շուկայի հետ կապած խնդիրներին անդրադառնալ»,- այսօր «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպե՞ս է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով, օրենսդիրը չէ, որ պետք է մտածի ավանդական կամ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների խնդրի մասին, դա առաջին հերթին հենց այդ լրատվամիջոցների խնդիրն է, և եթե այդ անհայտ կամ չնույնականացվող տեղեկատվության աղբյուրները հանդիսանում են մրցակից ԶԼՄ-ների համար, ապա այդ լրատվամիջոցները պետք է մտածեն՝ ինչպես են մրցակցի հետ պայքարի մեջ մտնելու։
«Եթե իրենց ձեռք չի տալիս, որ իրենք գովազդեն այդ աղբյուրներին, ապա հենց իրենք պետք է ձևը գտնեն՝ մրցակցելու։ Դրա համար կան բազմաթիվ միջոցներ։ Եթե մենք խոսենք սպառողի շահերից, ապա ես կգերադասեի, որ սպառողը տեսներ այդ տարբեր չնույնականացվող աղբյուրների տրամադրած տեղեկությունները՝ բայց ֆիլտրված պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների կողմից։ Իսկ հիմա, եթե սահմանափակվի ԶԼՄ-ների իրավունքը, և նրանք չկարողանան թելեգրամյան ալիքներին հղում տալ, ապա մարդիկ միանգամից թելեգրամյան էջերով կսկսեն այդ ինֆորմացիան ստանալ»,- նշեց նա։
Ըստ բանախոսի, օրենքի նախագիծը որևէ հարց չի լուծում, բայց առաջացնում է մի շարք իրավական խնդիրներ։
Ինչ վերաբերում է օրինագծի հիմնավորման մեջ նշված կետին, թե ԶԼՄ-ները այժմ անվճար գովազդում են անհայտ ծագմամբ թելեգրամյան էջեր, ապա Բորիս Նավասարդյանը նկատեց՝ այդ թելեգրամյան էջերն արդեն այնքան հայտնի են, որ որևէ գովազդի խնդիր չունեն։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ պետք է գիտակցել մամուլի ազատության դերն ու նշանակությունը, այն է՝ ազատ արտահայտվելու իրավունքի միջոց լինելը։
Նրա խոսքով, պետք է օրենսդիրը կարգավորումներ իրականացնի՝ տեղեկատվությունը պաշպանելու համար։
«Այո, օրենսդրական տեխնիկայի տեսանկյունի որոշ խնդիրներ տեսնում եմ։ Վատ չէր լինի, եթե օրենքի նախագիծը դրվեր հանրային քննարկման և ուղարկվեր միջազգային փորձաքննության»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան