Գոհար Մելոյան. Արդար դատաքննության իրավունքը վտանգված է
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումն այս պահին սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը պատահական չի համարում։
«Ակնհայտ է, որ այն քաղաքական բնույթ ունի»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրավունքի մասնագետը։
Նա պատճառահետևանքային կապ է տեսնում Փաշինյանի դեմ ակցիաների ու օրենքում առաջարկվող փոփոխությունների միջև։
Հիշեցնենք, որ փոփոխություններով նախատեսվում է մասնագիտացված դատավորների ներդրում, որոնք քննելու են քրեական գործերով մինչդատական վարույթները։
«Այսինքն, առանձնացվում են կոնկրետ դատավորներ, որոնք քննելու են կալանքի միջնորդությունները, բնակարանների խուզարկությունների թույլտվությունները և նմանաբնույթ հարցեր»,- նշեց նա։
Մելոյանն ասաց, որ հետպատերազմյան շրջանում սահման պահած, հայրենասեր մարդիկ իրենց ձայնը բարձրացրեցին, որոնց լռեցնելու համար, հանրությունից մեկուսացնելու համար կալանավորման միջնորդություններ ներկայացվեցին, բարեբախտաբար, դատարանները ցուցաբերեցին անկախություն, գործեցին օրենքի տառին համահունչ, հիմնականում չբավարարեցին այդ միջնորդությունները։
Նա որպես օրինակ բերեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ արդարադատության նախարարի ու այլ պաշտոնյանների կողմից տրված գնահատականը, ապա հարց հնչեցրեց, որտեղի՞ց են նրանք իրապետում գործի վերաբերյալ մանրամասներին։
«Սա վկայում է այն մասին, որ նրանք ցանկացած քրեական գործի փաստական հանգամանքներին ծանոթանալու հնարավորություն ունեն։ Նորմալ իրավական պետությունում սա պետք է երկար քննության առարկա դառնար»,- ասաց Մելոյանը։
Սահմանադրական իրավունքի մասնագետը մտահոգություն հայտնեց, որ մանագիտացված դատավորներ են նշանակվելու իշխանության կամակատար դատավորներ, բացի այդ, օրենքով նվազագույնի են հասցվել վերաքննության կարգով բողոքարկման ու բեկանման հնարավորությունները, քանի որ վերաքննիչ դատարանում ևս վեց դատավոր է առանձնացվելու այդ նպատակով։
«Սա հետընթաց քայլ է։ Արդար դատաքննության իրավունքը վտանգված է, քանի օր իշխանությունների հաճո կազմով համալրված ԲԴԽ կողմից են 8 դատավորները ընտրվելու»,- ասաց նա՝ ընդգծելով, սրա հիմնական նպատակը բողոքի ձայն բարձրացնողներին լռեցնելն է։
Մելոյանի խոսքով, այս իշխանության մոտ շատ լավ է ստացվում ավիրելը, նրանք հաջողությամբ ավիրել են օրենսդիր, գործադիր մարմինները, Սահմանադրական դատարանը, հիմա հերթը հասել է դատական իշխանությանը հալածելուն։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երեկ ընդունվել է 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով։
Հարակից հրապարակումներ`
- Բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի վնգստացող դատավորները լինել. Նաիրա Զոհրաբյան
- Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ իր համար չվնգստացող դատավորներին փոխել վնգստացողներով. Պետրոսյան
- Առաջարկվում է առաջին ատյանի դատարաններում 17 դատավոր ավելացնել
- Արսեն Բաբայան. Որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել անկախ դատավորներին
- Նման դատավորների առկայությունը կարճաժամկետ հաջողություն է ապահովելու Նիկոլի համար. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան