Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից պարզաբանում է պահանջում՝ Ադրբեջանին «շնորհավորանքի» հետ կապված
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը պատասխաններ է պահանջում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերից այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը շնորհավորել էր Ալիևի վարչակարգին «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար» և խոսել ԱՄՆ-ի միջոցներով գրավյալ Արցախի հողերում վերակառուցման մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Դեսպան Լիցենբերգերին ուղղված խիստ ձևակերպված նամակում Բրեդ Շերմանը ԱՄՆ դեսպանին խնդրել է բացատրել՝ արդյո՞ք Միացյալ Նահանգների քաղաքականությունն է գովել Բաքվին վերջին պատերազմի արդյունքում իր հաջողությունների կապակցությամբ, որը նախաձեռնել է ադրբեջանական ագրեսիան: Արդյո՞ք Միացյալ Նահանգների քաղաքականությունն է խրախուսել ներդրումներն Ադրբեջանում՝ նպատակ ունենալով մարգինալացնել Արցախը:
Բրեդ Շերմանը նշել է, որ դեսպան Լիցենբերգերի խոսքերը, որոնք չեն հերքվել Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից, հակասում են պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարություններին, որոնք նա արել է պաշտոնում հաստատման գործընթացում:
Նշվում է, որ ի պատասխան սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Էդ Մարկեյի հարցերին՝ պետքարտուղար Բլինքենը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների լույսի ներքո Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը։