Հաշմանդամության երեք խմբերի փոխարեն՝ կսահմանվի թեթև, միջին, ծանր և խորը խմբեր. Մեսրոպ Առաքելյան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին, այդ պատճառով էլ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում:
«Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչընդոտ է նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը»,- հայտնեց Առաքելյանը և տեղեկացրեց, որ նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, այդ անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակները:
«Նախագծի կարգավորման նպատակը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության մոդելի անցումն է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, այն դիտարկելու ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի»,- հայտնեց նախարարը և հավելեց, որ նաև նախատեսվում է հաշմանդամության գործող երեք խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը:
Ըստ Առաքելյանի, նոր մոտեցումն արդեն իրականացնում են Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած անձանց մասով, այցելում են ու իրականացնում անձանց կարիքների գնահատում:
Նա հավաստիացրեց, որ նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը երկրի տնտեսական շոկը կհաղթահարի նաև կանեփ արտադրելով
- Երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ. Մհեր Գրիգորյան
- Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է որակում պետական պարտքը 750 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու փաստը
- Կառավարությունն այսօր կփակի Մարալիկի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը և կուսակցություններին կհատկացնի 104 մլն դրամ