Վրաստանի կառավարությունը աշխատում է ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու ռեժիմի փոփոխության վրա
Վրաստանի կառավարության երեկվա որոշման համաձայն՝ Թուրքիան ներառվել է այն երկրների ցանկում, որտեղից Վրաստան հնարավոր է այցելել PCR բացասական թեստի հիման վրա: Մինչ այդ որոշում էր կայացվել թույլատրել Վրաստան մուտք գործել Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներին ու ռեզիդենտներին։ Սա վերաբերում է բացառապես օդային ճանապարհով երկրի սահմանը հատելուն: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, համաճարակային ռսիկերը հաշվի առնելով, այս փուլում ցամաքային սահմանների վերաբերյալ գործող ռեժիմը կմնա ուժի մեջ: Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ ընթանում են աշխատանքներ նաև ցամաքային սահմանով երկիր մուտք գործելու ռեժիմի փոփոխության համար: Զուգահեռաբար ընթանում է համաճարակային միտումների դիտարկում և իրավիճակի մանրամասն վերլուծության հիման վրա կկայացվի որոշում»,- ասվում է կառավարության հայտարարությունում:
Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» ավելի վաղ հայտնել էին, որ առաջիկայում Վրաստանի ցամաքային սահմանը հատելու ռեժիմի փոփոխություն է սպասվում:
«Դեռևս սահմանը հատելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն չկա, բայց սպասում ենք փոփոխությունների: Մոտ օրերին կլինեն քննարկումներ և փոփոխություններ սահմանը հատելու հետ կապված: Այս պահին չենք կարող ասել կոնկրետ երբ կլինի նոր որոշումը, սակայն փետրվարից արդեն հայտնի կլինի ինչ փոփոխությունների մասին է խոսքը և հանրությունը կտեղեկացվի»,- նշել էին կառավարության աշխատակազմից:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։