Ոչ պարենային ապրանքների գները հանրապետությունում աճել են 5.5%-ով
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ոչ պարենային ապրանքների գները 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել են 5.5%-ով:
Այդ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ:
2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 3.1% և 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% և 20.2% գնանկում:
Մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ:
Մատուցված ծառայություններից համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:
Հրապարակված վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ հմապատասխանաբար 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% և 0.2% հավելաճ:
2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):