Մեղսագրվող արարքը Վահան Բադասյանը չի կատարել. Պաշտպան
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։
Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը Panorama.am-ին հայտնեց, որ երեկ կեսօրվա դրությամբ դեռ մակագրված չէր որևէ դատավորի, առաջին ատյանի դատարանից նյութերը չէին ստացել. «Տեխնիկական պատճառով է, որ դեռ մակագրված չէ: Վերաքննիչ դատարանը գործը մակագրում է դատավորին և դատական նիստ է նշանակում առաջին ատյանի դատարանից նյութերը ստանալուց հետո: Օբյեկտիվ եթե դատարկենք, որևէ խախտում չի արվել, բայց, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, որ մի քանի օր շարունակ նյութերը դեռ չեն հասել»:
Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով՝ նշելով, որ մեղսագրվող արարքը նա չի կատարել, ինչպես նաև կալանավորման հիմքերի առումով:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է հունվարի 30-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Հունվարի 28-ին Եռաբլուրում զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա. «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»: Հենց այս հայտարարությունից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ:
Պաշտպանն ասաց, որ Վահան Բադասյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը:
«Իր հնչեցրած հրապարակային խոսքերում իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր չի կատարել»,- նշեց Ա. Պապիկյանը:
Նրա խոսքով, Բադասյանն այս ամեն ինչում քաղաքական տարրեր, քաղաքական ենթատեքստ դիտարկում է. «Առնվազն ամենապարզ օրինակով հիմնավորվում է այդ տրամաբանությունը, որ նմանատիպ կոչեր հնչեցնող մեկ այլ անձ մեղադրվում է Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, մեկ ուրիշ անձ նմանատիպ մտքեր հնչեցնելու դեպքում ընդհանրապես քրեական հետապնդման չի ենթարկվում: Իսկ պարոն Բադասյանի դեպքում ընտրվել է բավականին ծանր հոդված, ընդ որում ոչ վերաբերելի հոդված: Չեմ կարծում, որ չեն հասկացել հոդվածի ընտրությունը»:
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ «Մարտական խաչ»-ի ասպետ Վահան Բադասյանը գլխի շրջանում վիրավորում էր ստացել: Նա վիրահատվել էր:
Ա. Պապիկյանն ասաց, որ երեկ հանդիպել է նրա հետ, առողջության հետ կապված գանգատներ չունի:
«Վիրահատությունից հետո այցելում էր բժշկի՝ կոնսուլտացիաների: Հիմա դա չկա:
Որքանով հնարավոր է, այնտեղ բժշկական խնամք են ապահովում: Եթե լուրջ միջամտության կարիք լինի, ստիպված կլինեն տեղափոխել բուժհիմնարկություն, քանի որ տեղում չեն կարող ապահովել անհրաժեշտ բուժումը: Աստված մի արասցե, նման կարիք առաջանա»,- ասաց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են
- Ավետիք Իշխանյան. Բադասյանն ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի
- Վահան Բադասյանը կալանավորվել է
- Պահանջ. «Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին»
- Վահան Բադասյանին բերման են ենթարկել ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան