«ԵՄ-ի միջնորդությամբ հնարավոր է միջազգային վերահսկողություն հաստատել հրադադարի ամրապնդման համար»
Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինք կուսակցության (ԵԱԴ) միջև վերջերս ստորագրված համատեղ հռչակագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Արցախի և Եվրախորհրդարանի միջև: Հռչակագրի նպատակն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական ճանաչումը: Եվրոպական ազատ դաշինքը, որի առաքելությունն է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարության պաշտպանությունը, բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի ԼՂՀ-ին այդ հարցում: Այս մասին ասել են ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և ԵԱԴ անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիան հայտնեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ստորագրված հռչակագիրը ենթադրում է քաղաքական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի հետ, որի շրջանակներում ընդգրկված կլինեն Եվրախորհրդարանի 12 պատգամավորներ: Այդպիսով Եվրոպական խորհրդարանում լսելի կլինի Արցախի ժողովրդի ձայնը», - ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:
«Այս պայքարը երկու ճամբարների միջև է` ժողովրդավարության` ի դեմս Արցախի, և բռնապետության` ի դեմս Ադրբեջանի: Մեր ուղերձը ԵՄ-ին այն է, որ պետք է սատարել ժողովրդավարությանն Արցախում, ինչը տվյալ պարագայում Արցախի ժողովրդի անկախության իրավունքն է: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի վերջինս հարգի ժողովրդավարության այս սկզբունքը», - ավելացրել է Ֆրանսուա Ալֆոնսին:
ԵԱԴ-ի նպատակներից մեկը նաև այն է, որ Մինսկի խումբը վերջնականապես ընդունի ԼՂՀ-ն որպես լիիրավ անդամ բանակցային գործընթացում:
«Մենք պատրաստվում ենք դիմել Եվրախորհրդարանին, որպեսզի վերջինս որպես ազդեցիկ եվրոպական հաստատություն դիմի Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բանակցային գործընթացի մեջ ընդգրկելու խնդրանքով», - նշել է Ջորդի Սեբաստիան:
Եվրախորհրդարանի պատգամավորը տեղեկացրել է նաև, որ իրենք արդեն իսկ դիմել են Եվրոպական կառույցներին` կոչ անելով, որ վերջիններս ուղղակի կապ հաստատեն ԼՂՀ իշխանությունների հետ:
«Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ԵՄ-ն իր պաշտոնական առաքելությունն ուղարկի Ղարաբաղ», - ասել է նա:
Բանախոսները նաև ընդգծել են, որ ԼՂՀ-ի զարգացման հեռանկարների կարևորությունը և ասացին, որ ԵԱԴ-ն մտադրություն ունի ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան, որ Արցախը շնչի տնտեսապես և կարողանա ավելի սերտ շփումներ հաստատել Եվրոպայի հետ` չնայած առկա հակամարտությանը: ԵԱԴ-ն կարող է նաև աջակցել Արցախի ՀԿ-ներին, որպեսզի նրանք համագործակցություն հաստատեն տարբեր եվրոպական ծրագրերի հետ:
Անդրադառնալով շփման գծում վերջին իրադարձություններին` ԵԱԴ ներկայացուցիչները դատապարտեցին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը:
Panorama.am-ի այն հարցին, թե տվյալ հռչակագրի շրջանակներում հրադադարի ամրապնդմանն ուղղված ինչ քայլեր կարող են ձեռնարկվել` բանախոսները պատասխանել են, որ ԵՄ-ի միջնորդությամբ հնարավոր է միջազգային վերահսկողություն հաստատել հրադադարի ամրապնդման համար:
«ԵՄ-ն ունի սահմանին դիտորդներ ուղարկելու միջոցներ և Եվրոպական հարևանության ծրագիրը պատրաստ է դա անել: Խնդիրը միայն Ադրբեջանի դիմադրության մեջ է», - ընդգծել է Ջորդի Սեբաստիան:
ԵԱԴ պատվիրակության այցը ԼՂՀ իրականացվել էր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են