Ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։
«Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։
Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործում:
Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:
Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար:
Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018 թվականին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թարգմանած «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» հայերեն ուղեցույցին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին
- Վտանգավոր մանկական խաղեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին